«Եթե իրավիճակը պայթյունավտանգ է, ապա նախագահող երկիրը սկսում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ»

«Նախագահությունը ԵԱՀԿ-ում բացառիկ հնարավորություն է՝ նախագահությունը ստանձնող երկրի համար ցուցադրել սեփական դիվանագիտական և քաղաքական պաշարը, հմտությունները՝ հարաբերվելու այս կամ այն երկրի հետ, փոփոխել իրավիճակ հակամարտության գոտիներում, լինել նախաձեռնողական՝ օգտագործելով այդ հարթակը երկրի հեղինակությունը բարձրացնելու համար: Առանձնապես նշանակություն չունի, թե ինչ երկկողմ հարաբերություններ կան, օրինակ, Ալբանիայի և Հայաստանի միջև. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելով՝ Ալբանիան ստանձնում է ԵԱՀԿ օրակարգը, դրա առաջնահերթությունները, որի ցանկում նաև ջանքերն են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է եվրոպացի վերլուծաբան Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությանը: Ըստ նրա՝ պետք է նաև հիշել, թե վերջին տարիներին, բացի հարթակ ծառայելուց, հակամարտության գոտի այցեր կատարելուց, ինչ առաջընթաց են կարողացել ապահովել կարգավորման գործընթացում նախագահող երկրները:

«Կարելի է ասել, որ շատ փոքր է եղել այդ ջանքերի ազդեցությունը, քանի որ կողմերն իրենք են որոշում՝ ինչպես տանել բանակցային գործընթացը: ԵԱՀԿ դերակատարությունն այստեղ կայունության շարունակականության ապահովումն է, բանակցություններին տեխնիկապես նպաստելը: Պետք է հասկանալ նաև, որ նախագահող երկրի լիազորությունների շրջանակը ևս բավականին լայն է, ուստի բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում առանցքային դերակատարություն նախագահող երկիրը չի ունենում և առաջնորդվում է նաև ըստ անհրաժեշտության և առաջնահերթության՝ դիտարկելով իրավիճակը հակամարտության գոտում: Եթե իրավիճակը պայթյունավտանգ է ԼՂ հակամարտության գոտում, ապա նախագահող երկիրը սկսում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ կամ Մերձդնեստրի, Ուկրաինայի, և այլն: Այսինքն՝ կապ ունի այն իրավիճակը, որում գտնվում է տվյալ հակամարտությունը»,- ասել է Նիկոլյա Հայոսը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս