Ո՞րն է ռուսական գազի գինն անփոփոխ թողնելու վերաբերյալ վարչապետի անտարբերության պատճառը
Նախորդ տարվա վերջին «Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն տարածեց այս տարվա հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ։ Ըստ այդ հաղորդագրության` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019թ. մակարդակին»։
Այս հայտարարությունը հիմք տվեց ասելու, որ գազի սակագինը, ի հեճուկս կանխատեսումների, 2020թ. չի փոխվելու։ Իրականում այդպես կլինի՞, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել։
Ամեն դեպքում այս հայտարարության հետ կապված մեկ կարևոր հանգամանք դժվար է չնկատել. «Գազպրոմի» հաղորդագրությունից անցել է շուրջ 2 շաբաթ։ Բայց որքան էլ տարօրինակ է, կառավարությունից ոչ մեկը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, որևէ կերպ չի արձագանքել դրան։
Խոստովանենք, որ սա վարչապետից չէ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իր ֆեյսբուքյան գրառումներով ու լայվերով կիսվել անգամ աննշան թվացող իրադարձությունների վերաբերյալ։ Ու հիմա, երբ խոսքն այնպիսի կարևոր իրադարձության մասին է, ինչպիսին գազի գինն է, որին հասարակությունը դեռ անցած տարվա սկզբից շունչը պահած սպասում էր, նա լռում է։
Տպավորություն է, որ այստեղ ինչ-որ բան այնուհանդերձ այնպես չէ։ Այլապես դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր նման առիթը բաց թողնել` գազի թանկացման մասին գուժողներին հակահարված տալու և կառավարության հերթական ձեռքբերումն արձանագրելու համար։
Գաղտնիք չէ, որ գազի գինը շատ զգայուն թեմա է Հայաստանի ոչ միայն՝ բնակչության, այլև՝ քաղաքական շրջանակների համար։ Շատ հաճախ դրանով են փորձում որոշել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, ինչո՞ւ չէ, նաև ռուսական կողմի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ու եթե ամեն ինչ այնպես է, ինչպես թվում է առաջին հայացքից, ապա դա շատ լավ առիթ էր վարչապետի համար` հակառակորդներին մեկ անգամ ևս իրենց տեղը ցույց տալու համար։
Բայց Նիկոլ Փաշինյանը չի շտապում օգտվել այդ փայլուն հնարավորությունից։ Մի բան, ինչը որոշակի կասկածների տեղիք է տալիս. իսկապես խոսքը 2020թ. ամբողջ տարվա ընթացքո՞ւմ, թե՞ հունվարի 1-ից հետո որոշակի ժամկետով մատակարարվող գազի գնի մասին է։
Խնդիրն այն է, որ հունվարի 1-ից հետո Հայաստանը ռուսական գազը կարող է ստանալ նախկին գնով, բայց դա կարող է լինել, ասենք` մինչև ապրիլի 1-ը։
Սա, իհարկե, ենթադրություն է, և այս պահին որևէ հիմք չկա պնդելու, որ հենց այդպես էլ լինելու է։ Բայց նման հավանականությունը չի բացառվում։
Անցած տարվա վերջին ավարտվեց գազի գործող պայմանագրին կից ստորագրված նախորդ համաձայնագրի ժամկետը, որով 10 տոկոսով բարձրացվեց Հայաստանին մատակարարվող կապույտ վառելիքի գինը։ Մատակարարումները շարունակելու համար, ուզած թե չուզած, պիտի ստորագրվեր նոր համաձայնագիր, ինչը և արվել է։ Այդ մասին ժամանակին խոսել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ռուսական կողմի հետ վարում է բանակցություններ գազի հետագա գնի վերաբերյալ։
Դեռ անցած տարվա նոյեմբերի սկզբին նա հայտարարեց, որ հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա` «Ես չեմ կարծում ու կարող եմ նույնիսկ ասել՝ վստահ եմ, որ չենք ունենա իրավիճակ, երբ դեկտեմբեր ամսին ստիպված կլինենք քննարկում կազմակերպել ու հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է»։
Ավելի ուշ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանում գազի սակագինը մինչև 2020թ. ապրիլի 1-ը չի բարձրանա։ Սա էլ հիմք տվեց մտածելու, որ ապրիլի 1-ից հետո գազը ներքին սպառողների համար այնուհանդերձ կարող է թանկանալ։
Եթե նույնիսկ համարենք, որ այս տարի Ռուսաստանը կշարունակի Հայաստանին գազ մատակարարել նախկին պայմաններով, ապա դա դեռ բավական չէ ասելու, որ ներքին սակագները չեն բարձրանա։ Ինչպես հայտնի է, նախորդ տարի, երբ 15 դոլարով ավելացավ ռուսական գազի ներմուծման գինը, դա որևէ կերպ չարտահայտվեց ներքին սակագների վրա։ Թե՛ բնակչությունը, և թե՛ տնտեսությունը շարունակեցին սպառված գազի համար վճարել այն սակագնով, ինչ սակագնով վճարում էին մինչ այդ։ Ներմուծման գնի տարբերությունը փոխհատուցելու պարտավորությունը դրվեց «Գազպրոմ Արմենիայի» վրա, որը դա պետք է աներ իր ներքին ռեսուրսների և խնայողությունների հաշվին։
Հետագայում այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ ռեսուրսների ու խնայողությունների մասին էր խոսքը, ու եթե դրանք կային, ապա ինչո՞ւ նախկինում չէին օգտագործվում սակագների բարձրացման ճնշումը մեղմելու համար։ Առավել ևս, երբ խոսքը մեծ գումարների մասին է։ Գազի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու բեռն ամբողջությամբ փոխհատուցելու համար պահանջվում էր առնվազն 30 մլն դոլար։
Դատելով մինչև այժմ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված հայտարարություններից` անցած տարի այդ գինը վճարել է «Գազպրոմ Արմենիան»։ Բայց միաժամանակ ենթադրվում է, որ գազամատակարար ընկերությունը չի կարող մշտապես կրել գազի ներմուծման 10 տոկոս թանկացման բեռը։ Ու չի բացառվում, որ շատ շուտով այն հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ներքին սակագները վերանայելու և բարձրացնելու առաջարկությամբ։
Հիշեցնենք, որ գործող սակագները հաշվարկված են ներմուծման 150 դոլար գնի համար։ Այնինչ, հիմա ռուսական գազը ստանում ենք 165 դոլարով։
Այնպես որ, անգամ այն բանից հետո, երբ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց այս տարվա հունվարի 1-ից Հայաստանին ռուսական գազի մատակարարման պայմաններն անփոփոխ թողնելու մասին, գազի ինչպես՝ ներմուծման, այնպես էլ՝ ներքին սակագների հետ կապված անորոշություններն ամենևին էլ չեն վերացել։ Ակնհայտ է, որ այս փուլում կողմերը դեռևս վերջնական լուծումների չեն հանգել։ Բանակցություններն ընթանում էին գազամատակարարման երկարաժամկետ սխեմայի և գների շուրջ։ Բայց ինչպես տեսնում ենք, այս պահին երկարաժամկետ պայմանավորվածության մասին խոսք չկա։ Ուստի պետք է սպասել, որ առաջիկայում այստեղ նոր զարգացումներ կլինեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ