«Եթե 1 միլիոն փախստական հայտնվի Հայաստանի սահմանին, ի՞նչ ենք անելու». Արման Աբովյան

Իրանաամերիկյան հարաբերությունները կամ, ավելի ճիշտ է ասել՝ աշխարհաքաղաքական երկու հզորագույն բևեռների բախումը տարածաշրջանում գեներացրեց գործընթացներ, որոնք, թեև կային, սակայն ընդհատակում էին։ Այս մասին այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը։

«Գնաց մեծ համաշխարհային քարտեզի վերաձևավորում, և այն, ինչ մենք տեսանք, Երկրորդ աշխարհամարտից հետո խոշոր երկու խաղացողների դիրքերի ամրապնդումն ու ձևավորումն էր, որն ուղղակի հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա։ Հայաստանը՝ գտնվելով Իրանի հետ սահմանագծին և լինելով  Ռուսաստանի դաշնակիցը և լավ հարաբերություններ ունենալով ԱՄՆ-ի հետ՝ նվազագույնը դիվանագիտական դաշտում ներքաշվելու է գործընթացների մեջ։ ՄԱԿ-ում կամ այլ կառույցներում լինելու են քվեարկություններ, և մենք, ուզած-չուզած, մասնակցելու ենք դրանց, որովհետև եթե դու չես մասնակցում՝ քո տեղն ուրիշներն են մասնակցում»,- ասաց  Արման Աբովյանը՝ նշելով, որ Հայաստանը՝ հաշվի առնելով  ստեղծված իրավիճակը, պետք է ունենա  նախապես մշակած պլաններ։

Հարցին՝  ի՞նչ պլաներ պետք է ունենա, օրինակ, ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների  բացասական հետևանքները չկրելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանն Իրանի հետ ունի 300 մլն դոլարի առևտրաշրջանառություն, Արման Աբովյանը պատասխանեց, որ, եթե նախկինում մեզ հաջողվում էր մանևրել ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ կիրառված պատժամիջոցների հետևանքներից, ապա հիմա իրավիճակն այլ է, ու մեզ համար դժվար է լինելու։

«Միացյալ Նահանգների հետ հիմա ավելի դժվար կլինի պայմանավորվել, որովհետև երբ ԱՄՆ-ին ասում ես՝ եկ ըմբռնումով մոտեցիր մեր տնտեսական հարաբերություններին Իրանի հետ, ԱՄՆ-ը համաձայնում է, բայց հարցնում է՝ իսկ ի՞նչ է ինքը ստանալու դրա դիմաց: Իսկ թե ի՞նչ է ստանալու, դա  արդեն հարց է։ Բացի այդ,  խնդիր է նաև այն, որ այն, ինչ առաջարկենք ԱՄՆ-ին, երբեք չպետք է նվազեցնի մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ։ Ցանկացած բանակցություն չպետք է հանգուցալուծվի այնպես, որ դրանք վնաս հասցնեն, օրինակ, ԵԱՏՄ-ին։ Կարծում եմ՝ դիվանագիտական աշխատանք է պետք»,- ասաց Ա. Աբովյանը։

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարվածության ամենաթեժ ժամանակահատվածում Հայաստանի արձագանքին՝ Արման Աբովյանն ասաց.

«Արձագանքը, շատ մեղմ ասած, փոքր-ինչ ուշացած էր։ ԱԳ նախարարը խորհրդակցություն հրավիրեց, սակայն կրկնում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության ուղու համար պատասխանատուները և այդ համակարգը ոչ այնքան ադեկվատ արձագանքեցին»։

Հարցին՝ իսկ արդյո՞ք այդ ոչ ադեկվատ արձագանքի պատճառ կարող էր լինել այն, որ Կառավարության ղեկավարը խորհուրդ տվեց «հանգիստ նստել տեղները», քանի որ ինստիտուտներն աշխատում են, Արման Աբովյանը պատասխանեց.

«Դժվարանում եմ հասկանալ, թե ո՞ր ինստիտուտներն էին աշխատում, կամ, եթե աշխատում էին, այդ աշխատանքի արդյունքները որո՞նք են։ Այդ հայտարարություններն ինձ համար անհասկանալի էին: Մենք տեսանք, որ տարածաշրջանը բռնկվեց, իսկ մեզ մոտ ասացին, որ ամեն ինչ վերահսկվում է, հանգիստ նստեք  տեղներդ։ Հարց մնաց՝  ինչպե՞ս է վերահսկվում։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե մեր քայլերի տրամաբանությունը որն է և ուր է տանում»։

Արման Աբովյանը պնդում է՝ Հայաստանը պետք է ստեղծված իրավիճակում շատ խորքային վերլուծություն անցկացնի՝ կապված այն սցենարների հետ, որոնք կարող են ծավալվել մեր սահմանին շատ մոտ և լարված իրավիճակում գտնվող պետություններում։

«Պետք է հաշվարկենք, թե ինչ կլինի, եթե հանկարծ Հայաստանի սահմանի մոտ հայտնվի 1 միլիոն փախստական, մենք ի՞նչ ենք անելու, իսկ իրավիճակը ցանկացած պահի տարածաշրջանում կարող է թեժանալ։ Այս հարցերը շատ խորքային են, և ես իշխանությունների կողմից այդ հարցերի վերաբերյալ ոչ միայն պատասխան, այլև նույնիսկ հարցերի ազդակները չեմ լսել»,- ասաց Աբովյանը։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի այն հայտարարությանը, թե անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն կարող է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդ դառնալ, Արման Աբովյանն ասաց.

«Յուրաքանչյուր ասված բառ և քայլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պետք է ունենա շատ լուրջ վերլուծական հիմք։ Եթե մենք ասում ենք՝ կարող ենք սա կամ նա անել, ապա ասելուց հետո երկրորդ քայլով գոնե տեսականորեն, թույլատրելի ծավալներով պետք է ցույց տանք, թե մենք ի՞նչ ենք պատրաստ անել»:

Խոսելով «Ռիա Նովոստիի» հրապարակած այն լուրի մասին, որ ռուսական «Իկար» ավիաընկերությունն այս տարվա մարտին կգործարկի Սիմֆերոպոլ–Երևան կանոնավոր չվերթը, ինչը հերքեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Արման Աբովյանն ասաց.

«Պարզ է, որ այն «սլիվները», որոնք տեղի ունեցան մամուլում, բազմաշերտ են և կատարում են հետևյալ ֆունկցիան՝ հասկանալ, թե ի՞նչ արձագանքներ կլինեն։ Դրա համար ցանկացած քայլ անելուց առաջ պետք է հասկանալ, թե մենք ինչ ենք ստանում, իհարկե, հաշվի առնելով, որ ՌԴ-ն մեր առանցքային գործընկերն է։ Պետության հզորությունը կայանում է նրանում, որ որևէ մեկը չկարողանա կանգնեցնել փաստի առաջ, իսկ քանի դեռ չկա պետական մարմինների հաստատումը, առայժմ զերծ կմնամ մեկնաբանությունից»:

Նշենք, որ լուրի վերաբերյալ  ՀՀ Քաղավիացիայից հայտնել են, որ չեն հաստատում Ղրիմ-Հայաստան կանոնավոր չվերթերի բացման մասին տեղեկատվությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս