Բաժիններ՝

«Դալմա Գարդեն մոլ»-ում ցնցումների նախնական պատճառը օդորակիչների աշխատանքն էր

«Դալմա Գարդեն մոլ»-ում հունվարի 9-ին տեղի ունեցած ցնցումների նախնական պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

Նա նշեց, որ հունվարի 9-ի միջադեպից հետո ԱԻՆ մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանան հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է, և դեռ ուսումնասիրությունը շարունակվում է:

«Նախնական վարկածով՝ ցնցման պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր»,- ասաց Զարգարյանը:

Հունվարի 9-ին երեկոյան 18.40-ի սահմաններում փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել , որ «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի են ունենում ցնցումներ: Փրկարարները անվտանգության համար տարհանել էին առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներին և հաճախորդներին: Նույն նկատառումներով առևտրի կենտրոնը հունվարի 10-ին չի գործում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս