Օրենքը խախտվել է, բայց պատիժ սահմանված չէ. ՀՌՀ-ն օրհներգը չհնչեցնելու համար վարույթ չի հարուցի
Ամանորի գիշերը հայկական 8 հեռուստաընկերություն չի հեռարձակել ՀՀ օրհներգը. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության տվյալներն են: Խախտվել է ՀՀ Օրհներգի մասին օրենքը, որով սահմանվում է, որ «Մեր հայրենիք»-ը պետք է հնչի Ամանորի գիշերը, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Ստացվում է՝ օրենքը կա, խախտումը կա, բայց թե ո՞վ և ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում, սահմանված չէ: Այս պատճառով ՀՌՀ-ն երեկ հրավիրված նիստի ժամանակ որոշել է վարույթ չհարուցել, այլ միայն կոչով դիմել գործընկերներին: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի կարծիքով՝ այլ բան անել չէին էլ կարող:
«Ժամը 12-ին օրհներգը պետք է հնչեր՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծրագիր է եթերում: Չնայած հեռուստատեսությունների մեծ մասն առհասարակ ժամը 12-ին չի էլ հեռարձակում օրհներգը: Դա շատ ժամանակ՝ 15-20, հաճախ՝ նաև 40-45 րոպե ժամանակի շեղումով է հեռարձակվում: Օրենսդրության մեջ մենք չունենք համապատասխան վարչական ակտ, որևէ պատժամիջոց չունենք, որը կկիրառվի, եթե հեռուստատեսությունը չի կատարում օրենքը: Դա օրենքի թերության խնդիրն է»,- ասաց Պավել Սարգսյանը:
Պետական խորհրդանիշերի մասին պատժամիջոցներ ունի միայն Քրեական օրենսգիրքը: 331-րդ հոդվածը դրանց անարգման դեպքում նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Պավել Սարգսյանը վստահեցնում է՝ օրենքի բացը լրացնելու տարբերակներ մշակվում են.
«Հիմա բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան տարբեր անհատների կողմից, թե՛ դրոշների կիրառման մասով, թե՛ զինանշանի մասով: Նախաձեռնություններ լինելու են, որ օրենքում լրացումներ կատարվեն»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՌՀ-ի նիստին ու որոշմանը, գրել է, որ դժվար է հիշել մի որևէ Ամանոր, երբ կեսգիշերին հիմն է հնչել, չնայած դա օրենքի պահանջ է, պատգամավորը նաև նախապես ներողություն է խնդրել, եթե իր հիշողությունն իրեն դավաճանում է: Պնդմանը մեկնաբանություններում հակադարձել է Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ գրելով, որ Հանրային հեռուստաընկերությունը նախորդ բոլոր տարիներին էլ հնչեցրել է: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն արձագանքել է, որ չնայած արձանագրությունները չեն պահպանվել, բայց հին աշխատողները պնդում են, որ եղել են տարիներ, երբ Ամանորին հիմնը չի հնչել: