Բաժիններ՝

Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել է. 22 աշխատակից կորցրել է աշխատանքը

Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել է, մասնագետների աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին:

Ծնողները դիմել են Քաղաքապետարան, նույնը պատրաստվում են անել մասնագետները:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզում գործող  խմբերը երեքն էին,  հաճախում էին ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 24 երեխաներ:

Մանկապարտեզի ֆինանսավորման նպատակահարմարությունը որոշում էր Երևանի քաղաքապետարանը, իսկ հատուկ խմբերի մասնագետների աշխատավարձերի համար ֆինանսավորում  տրամադրում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Երեխաների հետ աշխատող մասնագետների փոխանցմամբ՝ ծնողները դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հայտնել են, որ անցնում են ներառական կրթության, և ՀՀ կառավարությունը չի կարող  առանձին գումար տրամադրել:

«Մեր պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, ստացել ենք ծանուցում և փաստացի չենք աշխատում, ոչ մի հրաման կամ որոշում մանկապարտեզը չի ստացել՝ խմբերի աշխատանքները շարունակելու համար: 22 աշխատակից կորցրել է աշխատանքը, իսկ մեզ հետ նոր պայմանագիր չեն կնքել: Երեխաներն էլ, 3 օր է՝ չեն հաճախել մանկապարտեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբում աշխատող մասնագետներից Սիրանուշ Պետրոսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ հայտնեց, որ  հատուկ խմբերի մասնագետների աշխատավարձերի համար ֆինանսավորում էր տրամադրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հունվարի 1-ից ֆինանսավորումը դադարեցվել է: Խմբերի կրճատում չի լինելու, սաների թիվը ևս չի կրճատվելու:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում  թիվ 92 մանկապարտեզում գոտիներով կապված երեխաների լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով.

«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն, որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության և ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որևէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ՝ մասնագիտացված նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ՝ սա արդեն չափից ավելի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս