Երեխաներին աթոռին կապելը խայտառակություն է. «Հույսի կամուրջ» ՀԿ ղեկավարը՝ թիվ 92 մանկապարտեզում կատարվածի մասին
Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում թիվ 92 մանկապարտեզում գոտիներով կապված երեխաների լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով.
«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն, որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության և ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որևէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ՝ մասնագիտացված նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ՝ սա արդեն չափից ավելի է»:
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Սուսաննա Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով դեպքի մասին՝ ասաց.
«Թիվ 92 մանկապարտեզում խումբ կա, դա վերականգնողական կենտրոն է, հո ասելո՞վ չէ՝ ներառական, նախաներառական… դա ամբողջությամբ «Արբես» բժշկական կենտրոնի մինի տեսակն է՝ այդ մանկապարտեզի մեջ, որտեղ երեխաներին բերել են, ովքեր հաշմանդամություն ունեն: Ինչպես հասկացա՝ նաև վարքային խնդիր, և այլն: Իրենք գիտեն, որ կան դիրքավորող աթոռներ, իմիտացիա են արել, հասկանո՞ւմ եք: Աթոռի վրա երեխաներին կապելը խայտառակություն է: Այն, ինչի վրա երեխան նստած է՝ անթույլատրելի է: Դա նախ՝ սովորական աթոռ է: Ենթադրում եմ, որ երեխաները կարող է ավելի ակտիվ են, կապել են աթոռին: Իսկ այս դեպքում ընդամենը գամել են աթոռին: Հնարավոր է, որ երեխան ունենա վարքային ինչ-որ խնդիր կամ աուտիզմ, ու նրանց կապել են աթոռին: Նստի՛ր հատակին, հետը աշխատանք արա»:
«Ես առաջին ու վերջին անգամ այդ մանկապարտեզում եղել եմ բացման ժամանակ ու հասկացա, որ հետո վատ բաներ են սպասվելու: Մանկապարտեզի ներսում նման բանն անթույլատելի էր: Կարծրատիպերի դեմ պայքարում ենք, ու դու մանկապարտեզի ներսում խումբ ես բացում, այսինքն՝ բոլորը հասկանում են, որ կա երեխաների խումբ, որոնք պետք է միշտ առանձին լինեն: Դա վերականգնողական ծառայություն է, թող մանկապարտեզից դուրս լիներ, կողջունեի, քանի որ այդ ծառայությունը շատ կարևոր է: մանկապարտեզի ներսում սարքում ու ասում են՝ նախաներառական խումբ. սա խայտառակություն է: Փոքրուց երեխայի մոտ ձևավորվում է, թե ինչ է հասարակական նորմը, ու ինքը ընկալում է, որ մյուսներն իրենց հետ չպետք է լինեն, միջոցառումների ժամանակ կգան, ձևի համար կպտտվեն, կգնան: Մյուս խումբն էլ հասկանում է, որ դա իր աշխարհը չի, մեկ-մեկ կարող է գնալ, տեսնել, որ նման բաներ գոյություն ունեն, բայց իր տեղը սա է: Չի՛ կարելի, դրանք ազդում են մարդու ինքնագնահատականի վրա»,- եզրափակեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավարը:
Մենք կապ հաստատեցինք նաև թիվ 92 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի հետ, սակայն նրա աշխատակազմից տեղեկացրեցին, որ տնօրենը հանդիպման է:
Անի Կարապետյան