Առաջարկում ենք 4 տարի կլինիկական օրդինատուրայում անվճար սովորել ու վերադառնալ մարզ. Գայանե Ավագյան
Մարզերում կա կադրային խնդիր: Երիտասարդներն ավարտում են բուհն ու չեն գնում իրենց բնակավայր՝ աշխատելու:
«Փորձում ենք երիտասարդ կադրերի ներգրավել: Հիմա կադրային քաղաքականությունն այնպիսին է, որ մասնագետն է որոշում՝ գա՞լ, թե՞ չգալ մարզ: Ցավոք, մարզերում աշխատելը մինչև հիմա էլ գրավիչ չէ: Մշտապես թափուր հաստիքները ներկայացնում ենք նախարարություն, բայց վերջին տարիներին չունենք երիտասարդ մասնագետների հոսք: Սա խնդիր է, գուցե կվերանայվի նաև կադրային քաղաքականությունը: Կադրային դեֆիցիտն ամբողջ ՀՀ-ում է, մեծ մասը կենտրոնացած է Երևանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը:
Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ հավելեց.
«Որպեսզի գրավիչ լինի մարզը՝ մենք մարզերից եկած ուսանողներին, որոնք ավարտում են բուհը, առաջարկում ենք իրենց նախընտրած, մեզ անհրաժեշտ մասնագիտություններով 4 տարի կլինիկական օրդինատուրայում անվճար սովորել, բայց պայմանով, որ կվերադառնան ու գոնե 3 տարի կաշխատեն տվյալ մարզում»:
Լեյլի Ասլանյանի խոսքով՝ ցավոք, այս ծրագիրը նույնպես չի օգնում: