Բաժիններ՝

Մարալիկում պատրաստվում են կրկին փակել Գյումրի-Երևան ճանապարհը

Շիրակի մարզի Մարալիկ, այժմ՝ Անի խոշորացված համայնքում իրավիճակը լարված է. բնակիչներն ամեն պահի պատրաստ են կրկին փակել Գյումրի-Երևան ճանապարհը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան մանկաբարձ Հերմինե Հանիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր մարալիկցիները լսել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը և եկել են այն եզրահանգման, որ պատկան մարմինները չեն ցանկանում ընդառաջ գնալ իրենց կոչերին, ուստի որոշել են, որ կկատարեն իրենց խոստումը և կփակեն ճանապարհը։

«Մեզ մարզպետարանից որևէ պատասխան չեն տվել, քննարկում անցկացրեցին, ասացին՝ երկու օր անց ձեզ կպատասխանենք, սակայն պատասխան չկա։ Առանց մեզ այդ քննարկումն արեցին, մեր աշխատակցին դռան հետևից չթողեցին առաջ անցնի ու ներկա լինի քննարկմանը։ Հիմա Մարալիկում լարված իրավիճակ է և հնարավոր է՝ ամեն պահի գլխավոր մայրուղին փակեն»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ծննդատան փակման հարցը միայն 12 աշխատողներին չի վերաբերում, այս խնդիրն առնչվում է ամբողջ բնակչությանը, մոտավորապես 24.000 մարդու։ Քանի որ մարդիկ չեն կարող 30 կմ ճանապարհ կտրել ու հասնել Գյումրի։

Նա նաև ընդգծեց, որ այս պահին ծննդատանն է, ծնունդ պետք է ընդունի, սակայն բնակիչները ոտքի են կանգնել, որ փակեն ճանապարհը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մարալիկ մեկնած Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը ճանապարհը փակած բնակիչներին խոստացավ, որ հարցը կքննարկեն մարզպետարանում, որից հետո էլ նրանք ճանապարհը բացեցին, սակայն հայտարարեցին, որ հարցին պատշաճ լուծում չտալուց հետո պատրաստ են կրկին փակել ճանապարհը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս