Բաժիններ՝

Փրկարար ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել

Հունվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ողջունելով ծառայակիցներին տարվա աշխատանքային բուռն գործունեության անցնելու պատրաստակամության համար՝ Վրեժ Գաբրիելյանը նախ ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության համակարգի մի շարք պաշտոններում կատարված փոփոխությունները: Նոր նշանակումների առիթով շնորհավորելով նրանց` մաղթեց հաջողություններ նոր պաշտոններում և էլ ավելի արդյունավետ աշխատանք՝ ի շահ բնակչության պաշտպանության:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների և առաջացած հարցերի վերաբերյալ:

Երևան քաղաքի և մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարվեց ՓԾ տնօրենի հաստատմանը ներկայացնել 2020 թվականի աշխատանքային պլանները:

Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծման գործընթացին՝ Վ. Գաբրիելյանը հանձնարարեց կազմակերպել քննարկումներ և արդյունքների մասին զեկուցել:

Վ. Գաբրիելյանն ընդգծեց անձնակազմի ուսուցման կազմակերպման հարցում «սովորենք և սովորեցնենք » սկզբունքով աշխատելու անհրաժեշտությունը: Հանձնարարվեց շարունակել համապատասխան առաջարկություններ ներկայացնել անձնակազմի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Հանձնարարվեց նաև առաջիկա օրերին ներկայացնել առաջարկություններ զբոսաշրջության ոլորտում համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, հատկապես նշելով, որ փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայության յուրաքանչյուր տարածք պետք է տիրապետի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին անհրաժեշտ տեղեկատվությանը, թվային քարտեզներով աշխատելու հմտություններին:

Վրեժ Գաբրիելյանն ամփոփեց նույն օրը, հունվարի 10-ին կայանալիք ամերիկյան գույքի ընդունման աշխատանքների ուղղությամբ տարվող աշխատանքները և նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են նաև ԱԻ նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Հանձնարարվեց նաև խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, հանձնարարականների կատարման նկատմամբ:

Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվեց մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս