Բաժիններ՝

«Այժմ մրցանակակրին տրվում է 300.000 դոլար, որից 100.000-ը հատկացվելու է Հայաստանի գիտնականների կողմից ներկայացված ծրագրերի»

Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին տոնելու է հիմնադրման 75-ամյակը, ինչի կապակցությամբ լույս է ընծայելու աստղադիտարանի ամբողջ գիտական գործունեությունն ամփոփող գիրք, իսկ 2020-ին աստղադիտարանը կազմակերպելու է ճամբարներ, գիտաժողովներ և այլ նախաձեռնություններ:

Լրագրողների հետ հանդիպմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նշեց, որ այս տարի Հայաստանում է անցկացվելու եվրոպական աստղագիտությանն ու աստղաֆիզիկային նվիրված հեղինակավոր գիտական ամսագրի տնօրենների խորհրդի նիստը, որին մասնակցելու են ներկայացուցիչներ եվրոպական քսանութ երկրից: «Սեպտեմբերին կազմակերպվելու է երիտասարդական ամառային դպրոցը և աստղագիտությանն ու համակարգչային գիտություններին նվիրված գիտաժողով»,- ասաց տնօրենն ու հավելեց, թե շատ կցանկանա, որ Հայաստանում հայ աստղագիտության պատմության թանգարան ստեղծվի:

Անդրադառնալով 2019-ին Բյուրականի աստղադիտարանի կատարած աշխատանքին` Միքայելյանը հիշեցրեց, որ գիտական հիմնարկների աշխատանքի արդյունքները գնահատվում են գիտաչափությամբ: Միջազգային չափանիշներով նախորդ տարի աստղադիտարանը նվաճումներ է ունեցել:

Նա շեշտեց, թե վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումն այն է, որ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է որպես ՀՀ ազգային արժեք և տարածաշրջանային կենտրոն:

«Անցյալ տարի երկու կարևոր միջոցառում ենք անցկացրել` տարածաշրջանային երիտասարդական դպրոց և տարածաշրջանային երկրների աստղագիտական աշխատաժողով: Տարբեր երկրների աստղադիտարանների տնօրեններ մեզ մոտ զեկուցել են այն մասին, թե ինչպիսին է աստղագիտության վիճակն իրենց երկրներում: Ներկա էին նաև ուսանողներ տարածաշրջանից ու այլ երկրներից: Հայաստանը դիտարկվում է երկիր, որտեղ կարելի է գալ, սովորել, փորձի փոխանակում իրականացնել ու համագործակցել»,- նշեց տնօրենը:

Միքայելյանի խոսքով` արտերկրից ստացած հրավերների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները 60 գործուղում են ունեցել` մասնակցելով գիտաժողովների, սեմինարների: Եղել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և այլ զարգացած երկրներում:

Միքայելյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ Բյուրականի աստղադիտարանի տարածքում գտնվում էր Լենինգրադի պետական համալսարանի աստղադիտարանը: Միքայելյանի նախաձեռնությամբ ու ջանքերով հնարավոր է դարձել այդ աստղադիտակները անվճար տրամադրել Բյուրականի աստղադիտարանին:

Տնօրենն ընդգծեց, որ Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը`500 հազար դոլար, նախկինում ամբողջովին տրվում էր որևէ գիտնականի կամ խմբի: «Առ այսօր Հայաստանից որևէ գիտնական չի արժանացել այդ մրցանակին: Այժմ մրցանակակրին տրվում է 300 հազար դոլար, որից 100.000-ը հատկացվելու է Հայաստանի գիտնականների կողմից ներկայացված ծրագրերի»,- շեշտեց Արեգ Միքայելյանը:

Աստղադիտարանի տնօրենն անդրադարձավ նաև միջազգային կապերին և ասաց, որ քառասուներեք երկրի հետ են աշխատում:

«Որոշ հիմնարկների հետ պաշտոնապես ստորագրած համաձայնագրեր ունենք, որոշների հետ իրականացնում ենք նաև դիտողական ծրագրեր: Տարածաշրջանային բոլոր երկրների հետ համագործակցում ենք՝ բացի Ադրբեջանից: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանում պարզապես արգելում են որևէ շփումը հայ գիտնականների հետ»,-եզրափակեց Միքայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս