Հիվանդանոցի սանհանգույցից հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց հանդիսացող ֆենտանիլ
Հունվարի 10-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից: ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ:
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ժամանած օպերատիվ-հետախուզական խմբի կողմից վերոնշյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող 6,16 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, “Ципрофлоксацин” մակնշմամբ սրվակի մեջ լցված, հաշիշի յուղին նմանվող հեղուկ և ակնադիտորեն ֆենտանիլ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար: Ի դեպ, նշված թմրամիջոցը մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, սև շուկայում է հայտնվել վերջին շրջանում և թմրամոլների կողմից օգտագործվում է վերոնշյալ ժապավենը մաշկին ամրացնելու եղանակով:
Նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: