Տաթևիկ Հայրապետյանը գիտի, բայց չի ասում «ֆեյքերի» անունները
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը երեկ իր հարցազրույցներից մեկում, պատասխանելով հարցին, թե նախկինում այդ կառույցը հայտնի էր «ֆեյքերի» ՊՈԱԿ անվամբ, այսօր արդյո՞ք նման աշխատակիցներ ունի ՊՈԱԿ-ը, ասել էր, թե ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի.
«Իսկ թե նախկինում եղե՞լ են ՊՈԱԿ-ում ֆեյքեր, թե՞ չէ, նաև ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից, ներկայիս պատգամավոր Տաթև Հայրապետյանն է հայտարարել, որ՝ այո, ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, կարող եք իր հետ խոսել այդ մասին: Ես ՊՈԱԿ-ում աշխատանքի եմ ընդունվել հեղափոխությունից հետո, հեղափոխությունից հետո նման բան չկա»:
168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են նախկինում ստանձնել «ֆեյքերի լիազորությունների» կատարումը։
«Իրականում պարոն Մովսիսյանը հղում է կատարել նախորդ տարվա փետրվարի իմ հարցազրույցին, որը տվել եմ Կարմեն Դավթյանին։ Նա հարց էր հնչեցրել ՊՈԱԿ-ում ֆեյքերի մասին, ես էլ ասել եմ, որ՝ այո, ՊՈԱԿ-ում ֆեյքեր եղել են այն ժամանակ, երբ այնտեղ գործունեություն էի ծավալում։ Աշխատանքից դուրս գալու պատճառներից մեկն էլ ըստ էության հենց դա է եղել, որովհետև չեմ ցանկացել նման գործունեություն ծավալել»,- նշեց Տ. Հայրապետյանը։
Հարցին՝ այսօր այդ ֆեյքերը շարունակո՞ւմ են ՊՈԱԿ-ում աշխատել, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ չի կարող հարցին որևէ մեկնաբանություն տալ, քանի որ տեղեկատվություն չունի։
«Ավելին ասեմ, իմ աշխատանքային էթիկայից ելնելով՝ սխալ եմ համարում հարցը մեկնաբանել։ Վստահ եմ, որ ՊՈԱԿ-ը նման գործունեություն չի իրականացնում, քանի որ այդ ամենը հակասում է մեր որդեգրած արժեքներին ու քաղաքականությանը»,- ընդգծեց նա։
Հաջորդ հարցին՝ կարո՞ղ է անուններ տալ՝ ովքե՞ր են եղել ֆեյքերը, նա պատասխանեց. «Բնականաբար, չեմ կարող ասել»: