Բաժիններ՝

Բացահայտվել է 18-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 18-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:

2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 03:50-ին, «Թալինի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2002թ. ծնված Արտենի գյուղի բնակիչը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր և պնևմոթորաքս» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 18-ամյա երիտասարդը տուժող է ճանաչվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա երիտասարդը նշված վնասվածքները ստացել է 2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Արտենի գյուղի տարածքում գտնվող չգործող ռեստորանի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն, վերցվել է հանցագործության գործիք դանակը, տուժողի հագուստները: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2001թ.: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշանակվել են դատաբժշկական, հետքաբանական, քրեագիտական, գենետիկական փորձաքննություներ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս