ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում մարդկային գործոնը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ նշելով, որ իրենց մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի պարզեն, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը:
«Երեկվա միջադեպից հետ մեր մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանանք հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է: Այժմ միանշանակ կարելի է բացառել, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, ցնցումը մարդկային գործոնի հետևանք է: Տարբեր վարկածներ կան, թե մարդկային ինչպիսի գործոնի հետևանքով կարող էր տեղի ունեցած լինել այդ ցնցումը, հնարավոր է, որ հարակից տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը կամ թրթուրավոր տեխնիկա է անցել, որից էլ առաջացել է ցնցումը: Տեղադրված սարքերի միջոցով հստակ կպարզենք, թե ցնցումն ինչի հետևանք է»,- ասաց Զարգարյանը: