Բաժիններ՝

Վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկել է Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը զանգահարել էր՝ քննարկելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի ողբերգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել ավիաաղետի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

«Նրանք համաձայնել են սերտորեն համագործակցել, որպեսզի աղետի պատճառների պարզման մանրակրկիտ հետաքննություն ապահովվի: Վարչապետը նաեւ հայտնել է, որ Կանադան պատրաստ է փորձագիտական օգնություն տրամադրել հետաքննության անցկացման գործում»,- հավելել են մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել է տեղեկատվություն , որի համաձայն օդանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով:

Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը կարող էր մարդատար օդանավը խոցել ոչ կանխամտածված: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս