«Դրանք կեղծիքներ են, և ես կեղծիքները կամաց-կամաց ցույց կտամ». Արսեն Բաբայանը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունման մասին

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, 2019 թվականն ավարտեց «Մի օրենքի ոդիսականը» վերտառությամբ գրառմամբ, որում նշել էր, թե Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որն իր ու շատ իրավաբանների բնորոշմամբ՝ դատավորներին առաջարկվող օրինական կաշառքի մասին օրենք է, գոյություն չունի:

Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այստեղ խնդիրները բազմաթիվ են, ու նա պատրաստվում է դրանք բացահայտել մեկը մյուսի հետևից՝ հերթով:

«Օրենքի ընդունման գործընթացում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի խախտում, Կառավարության գործունեության օրենքի մասին խախտում, Ազգային ժողովի աշխատակարգի խախտում, որոնք կամաց-կամաց, հերթով ներկայացրել եմ: Օրինակ, մի դեպքում ներկայացրել եմ, որ լրացում չէր կարող արվել, որովհետև պահպանված են եղել կանոնակարգի և աշխատակարգի համապատասխան պայմանները: Մեկ այլ դեպքում նշել եմ, որ նախագիծը պետք է ուղարկվեր շահագրգիռ մարմիններին, բայց այն Սահմանադրական դատարան չի ներկայացվել, ինչը երևում է Խորհրդարանի կայքում տեղադրված նախագծի պատմությունից»,- ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ իր բարձրաձայնած խախտումներն ակնհայտ են դառնում Ազգային Ժողովի կայքում ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծի պատմությունն ուսումնասիրելիս:

Իր գրառման մեջ Բաբայանը նշել էր, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 80 ձայն, ու ըստ «պաշտոնական» տվյալների՝ այդ նախագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր, որոնցից 7-ն այդ օրը գործուղման են եղել: Բաբայանն այստեղ ևս խնդիր է տեսնում:

«Համաձայն կանոնակարգ օրենքի՝ մինչև գործուղման մեկնելը պետք է փակ ծրարով իրենց դիրքորոշումը հանձնեին աշխատակազմին, մասնավորապես փակ ծրարի մեջ դրված գրության մեջ պետք է գրված լիներ, թե կոնկրետ հարցին ինչպես են քվեարկում՝ կո՞ղմ, դե՞մ, թե՞ ձեռնպահ: Երբ կամաց-կամաց ներկայացնեմ այս խախտումները, կտեսնեք, որ այդ 7 պատգամավորներից շատերը, եթե ոչ՝ հենց 7-ը, առնվազն չէին կարող մինչև մեկնելն այդպիսի քվեարկություն անել»,- 168.am-ին ասաց Արսեն Բաբայանը:

Հարցին, թե ինչո՞ւ չէին կարող մինչև մեկնելը նման քվեարկություն կատարել, Ա. Բաբայանը խոստացավ անդրադառնալ ավելի ուշ: Ըստ նրա՝ խախտումների մաս-մաս բացահայտելը նպատակ ունի:

«Սրա նպատակն այն է, որպեսզի պատկան մարմինները նաև հասցնեն վերլուծել, ստուգել իրավիճակը և համապատասխան գնահատական տալ»,- ասաց Արսեն Բաբայանը:

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի նախկին տեղակալը հստակ չկարողացավ ասել՝ արդյո՞ք պատկան մարմինները ստուգում են իր գրառումները, թե՞ ոչ: Վստահություն մեկ այլ հարցում ունի:

«Վստահ կարող եմ ասել, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ով անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ օրենքի ընդունման համար, պարզապես ձախողել է օրենքի ընդունման ամբողջ պրոցեսը, ինչն էլ իր մոտ առաջացրել է որոշակի ցայտնոտային իրավիճակ, որի ապացույցն է նրա վերջին գրառումը»,- ասաց Բաբայանը:

Խոսքն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գրառման մասին է, որում Վլադիմիր Վարդանյանը նշել էր, թե մարդիկ՝ տեխնիկական սոփեստական դետալներից բռնվելով, փրփուրը շուրթերին, փորձում են ցույց տալ իրենց «անգրագիտությունը»:

«Ըստ էության ինքը փորձում է ցույց տալ, թե իբր տեխնիկական սխալ են դրանք, բայց ես վստահ պնդում եմ, որ դրանք կեղծիքներ են, և ես դրանք կամաց-կամաց ցույց կտամ»,-  ասաց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ընդունվեց 2019 թվականի դեկտեմբերի 11-ին: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրեց 2019 թվականի դեկտեմբերի 26-ին:

Տեսանյութեր

Լրահոս