Բաժիններ՝

Կենցաղային պայթուցիկներ վաճառելու համար տուգանք կարող է սահմանվել 250.000 դրամ

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 10-ամյա տղայի՝ պայթուցիկի հետևանքով ջնջխված երկու մատների ռենտգենային նկարն ու հավելել, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններ են դիմել կենցաղային պայթուցիկներից վնասվածքներ ստացած 52 անձ:

Տուժողների մեծ մասը՝ 37 հոգին՝ 18 տարեկան են և բարձր, 8 երեխան՝ 14-17 տարեկան, և 7 դեռահասը՝ 15-17 տարեկան:

49 տուժածների մոտ եղել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ:

168.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն իրենց են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից  տուժած 6 անձ, որոնցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժում:

Դիմողներից 16-ամյա մի դեռահաս ստացել էր մատների կոտրվածք և ձեռքի մկանների վնասվածք. նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից:

«10-ամյա տղայի մեկ մատն ամպուտացվել է, վերականգնման ենթակա չէր, իսկ մյուս վնասված մատները հաջողվել է փրկել»,- տեղեկացրեց Գ.Դերձյանը:

Առողջապահության նախարարությունը մշակել է նախագիծ, համաձայն որի՝ ճայթուկների վաճառքն արգելվելու է:

ԱՆ ներկայացրած նախագծում առաջարկվում է տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններն իրականացնել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա, իսկ դրանց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիք և հմտություն, իսկ կատարողները կամ օգտագործողները համապատասխան որակավորում պետք է ունենան:

Առևտուր և ծառայություններ իրականացնող կազմակերպությունները կենցաղային պայթուցիկների վաճառք իրականացնելու դեպքում կտուգանվեն 250.000 դրամով, իսկ մեկ տարի հետո վաճառքի կրկնելու դեպքում տուգանքը կդառնա 500.000 դրամ: Նախագծով  առաջարկվում է նաև արգելել հրավառությունները ոչ թե 23:00-ից մինչև  առավոտյան 07:00-ն, ինչպես գործող կարգով, այլ 22:00-ից մինչև մյուս առավոտյան 08:00-ն:

168.am-ի հարցին, թե նախորդ տարիների համեմատ կենցաղային պայթուցիկներից վնասված մարդկանց թվի նվազում կա՞, թե՞ ոչ, ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ  նախարարությունում նման վիճակագրություն չկա:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից էլ մեզ տեղեկացրին, որ դեկտեմբերի 30-ից մինչև օրս 911 ծառայությունը կենցաղային պայթուցիկների կամ հրավառությունների հետ կապված կանչեր չի ստացել:

ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ հունվարի 1-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածը հրավառությունների հետ կապված ընդամենը 4 բողոք են ստացել, որոնիցից երկուսը կատարվել են մինչև 23:00-ն, իսկ երկուսը՝ 23:00-ից հետո, սակայն հրավառություն իրականացնողներին հայտնաբերել չի հաջողվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին (ժամը 23:00-ից մինչև 7:00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը տուգանվում է 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին հրաավառություն կատարելը տուգանվում է 200.000 դրամով:

Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։

Հայկանուշ Ալոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս