Սեպտեմբերի 1-ից նաև ճանապարհային ոստիկանության գծային տեսուչները կարձանագրեն վարորդների խախտումները, ու բալեր կհանվեն

Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 9-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, իսկ հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ խախտումներն այս պահին արձանագրվում են միայն տեսալուսանկարահանող սարքավորումներով, սեպտեմբերի մեկից նաև ճանապարհային ոստիկանության գծային տեսուչները կարձանագրեն:
«Սա պայմանավորված է նրանով, որ կան տեխնիկական խնդիրներ: Ծրագիրը փորձնական տարբերակով տեսել եմ, ռիսկերը բացառվում են, որովհետև համակարգը նկատում է, որ հետախուզման մեջ գտնվող մեքենա է շարժվում, տեսուչին այլ բան չի մնում, քան պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերելու, այսպես ասած, իր աչքի առջև գտնվող վարորդին: Բայց եթե չհայտնաբերի, օպերատիվ կառավարման կենտրոն է լինելու, որտեղ նկատելու են, որ տեսուչի համակարգչի վրա ցույց է տվել հետախուզման մեջ գտնվող մեքենա, բայց ինքը որևէ քայլ չի ձեռնարկել, ծառայողական պարտականությունը չի կատարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ երթևեկության կանոնների տեսանկյունից որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել, ինչպես որ ՃՈ-ն ու «Սեքյուրիթի դրիմը» տուգանել են, նույն մեխանիզմը շարունակվում է, ընդ որում, երթևեկության կանոնների խախտման 100 տեսակներից տուգանային միավորներ են տրվել 25-ին: Հիմնականում ներառվել են այն խախտումները, որոնք իրենց մեջ վտանգ են պարունակում, բայց կախված չեն ճանապարհից, լուսավորությունից:

«Օրինակ՝ խմածության, հեռախոսով խոսելու, առանց ամրագոտու երթևեկելու, բարձր արագության համար ճանապարհի լավ-վատ լինելն էական չէ: Ի դեպ, ասեմ, որ վերջին տարիներին վթարների զգալի մասը տեղի է ունեցել ասֆալտապատ, բարձր արագության հնարավորություն տվող ճանապարհներին: Վերցվել են այն խախտումները, որոնք ճանապարհների որակի հետ կապ չունեն, ենթադրենք՝ հանդիպակաց դուրս գալը կամ կարմիր լույսին չենթարկվելը»,- հավելեց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ ղեկավարը:

Եթե վարորդը խախտումներ կատարի պարբերաբար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ, և դրանց համար կիրառված տուգանային միավորները կազմեն 9 միավոր, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով, 6 ամսից հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելը կհանգեցնի արդեն մեկ տարով իրավունքից զրկման։

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

2. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

3. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ և 1 տուգանային միավոր

4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

8. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

9. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

11. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

12. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

13. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք, կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

14. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:

15. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

16. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմժ-ով գերազանցելը՝ 20.000դրամ և 2 տուգանային միավոր:

17. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմժ-ով գերազանցելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

18. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմժ-ով գերազանցելը` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր: 19. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:
20. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ, հինգերորդ մասերի հատկանիշները` 25.000 և 4 տուգանային միավոր:

Տեսանյութեր

Լրահոս