«Գործ ունենք վիճակագրական ցուցանիշները սեփական նպատակահարմարությամբ օգտագործելու հերթական փորձի հետ». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականի պետական բյուջեի քննարկման ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020 թվականի արդյունքներով` Ադրբեջանից: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը եթե ոչ միշտ, ապա առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը, սակայն 2020 թվականին կլինի առաջինը: Այդ հայտարարությունից մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախ ազդարարեց, իսկ հետո խմբագրմամբ ուղղեց, որ 2019 թվականի արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցել ենք Վրաստանին, իսկ 2020 թվականին կգերազանցենք Ադրբեջանին։
Այս կապակցությամբ մի քանի դիտարկում:
1. Ի տարբերություն Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության, Վարչապետն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մոռացավ նշել արձանագրված ցուցանիշի պատմականության և բացառիկության մասին: Իհարկե, դրա համար կային լուրջ պատճառներ, որոնցից, թերևս ամենակարևորն այն էր, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքի (որին հղում էր կատարել Նիկոլ Փաշինյանը), մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը բնավ էլ առնվազն վերջին 10-ամյակներում վերջինը չի եղել: Ավելին, գոնե 1998 թվականից հետո ընկած ժամանակահատվածում (որը տրամաբանորեն տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված վերջին տասնամյակներ ձևակերպման մեջ) եղել են տարիներ, երբ Հայաստանն այդ ցուցանիշով գերազանցել է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Վրաստանին: Մասնավորապես, Ադրբեջանին գերազանցել է 1998-1999, 2001-2005 թվականներին, իսկ Վրաստանին` 2006-2010 թվականներին (մեկնաբանություններում տեղադրված է հղումը): Պարզապես տարբերությունը եղել է այն, որ այդ տարիներին ՀՀ հպարտ քաղաքացին չի իմացել այդ մասին այն պարզ պատճառով, որ օրվա իշխանությունը հարկ չի համարել այդ մասին թմբկահարմամբ և գովազդմամբ տեղեկացնել ՀՀ քաղաքացուն:
2. Տնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության մակարդակի գնահատման առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար, որպես կանոն, ի թիվս այլ ցուցանիշների, օգտագործվում է ըստ գնողունակության պարիտետի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը: Վերջինիս գծով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ոչ խորը տնտեսագիտական մասնագիտական համեմատությունը ցույց է տալիս, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը խուսափել այս ցուցանիշի գծով համեմատությունից: 2019 թվականին Հայաստանը Ադրբեջանին և Վրաստանին զիջել է համապատասխանաբար 1.7 և 1.1 անգամ, իսկ 2020 թվականին կզիջի 1.6 և 1.1 անգամ: Այսինքն, գործ ունենք վիճակագրական ցուցանիշները սեփական նպատակահարմարությամբ օգտագործելու հերթական փորձի հետ:
3. Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակ առ ժամանակ ազդարարվող վիճակագրական ցուցանիշների դրական դինամիկայի մասին գրառումները, խոշոր հաշվով, միջին վիճակագրական քաղաքացուն բացարձակապես չեն հետաքրքրում ու չեն էլ կարող հետաքրքրել թեկուզ միայն այն պատճառով, որ վերջինս իր բարեկեցության մակարդակը չափում է ոչ թե վիճակագրական ցուցանիշնեով, այլ սեփական կյանքի որակի փոփոխություններով: Ի դեպ, նույն կերպ նրան չեն հետաքրքրել նախկին իշխանությունների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից հնչեցված երկրի հարատև զարգացումը հաստատող վիճակագրական ցուցանիշները: Պարզապես տարբերությունը կայանում է նրանում, որ ներկաների կողմից անգամ ամենափոքր ձեռքբերումը փորձ է արվում ներկայացնել որպես դարի հաջողություն, ինչը շատ դեպքերում չի դիմանում անգամ ամենափոքր քննադատության: Ցանկացած քիչ թե շատ լուրջ մասնագետ կարող է ասել, որ վիճակագրական ցուցանիշների պարզ արձանագրումը, առանց դրանց փոփոխությունների պատճառահետևանքային կապերի և գործոնների վերուծության, չի կարող տալ իրավիճակի ռեալ պատկերը: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն, որ վիճակագրական ցուցանիշների արժանահավատությունը մեր երկրում միշտ էլ եղել է խնդրահարույց, ինչի մասին բարձրաձայնումները ընդդիմադիր Փաշինյանի գործունեության կարևոր ուղղություններից էին, ապա պատկերն առավել ամբղջական կդառնա: Եվ իսկապես, ինչու պետք է վիճակագրական ցուցանիշների արժանահավատության մասին քաղաքացու պատկերցումները փոխվեն, եթե ոչ վիճակագրոթյան մեթոդաբանությունն է փոխվել, ոչ էլ այդ մեթոդաբանությունը կիրառողները:
P.S. Մի առիթով նշել եմ, որ մեր երկրի իրական քաղաքականությունը երկրորդական,եթե ոչ երրորդական պլան է մղված և իշխանությունը զբաղված է pop corn-ային քաղաքականությամբ: Սա մեր օրերի քաղաքական մշակույթի և որակի մեծ խնդիրներից մեկն է»։
2020 թվականի պետական բյուջեի քննարկման ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին Հայաստանի…
Gepostet von Vladimir Martirosyan am Montag, 6. Januar 2020