«Անպատասխանատու մարդիկ պաշտոններ են զբաղեցնում. դարձել ենք ձրիակերների երկիր». Հրաչ Բերբերյան

«2019թ. գյուղատնտեսության համար ծանր տարի էր: Անասնապահության ուղղությամբ ունեցանք անկում, բանջարեղենի մասով մոտ 40 տոկոս անկում ունեցանք, կարտոֆիլի ցանքատարածությունները նվազեցին: Այսօր մեր միավորումը հրատապ միջոցներ է ձեռնարկում, որ գոնե այդ ցանքատարածությունները պահպանենք»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2019թ. գյուղատնտեսական տարին՝ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Այն հետևողական ուշադրությունը, որ պետք է դարձվեր գյուղատնտեսությանը, չդարձվեց: Սմարթ գոմերի թեման մտավ անհայտ տեղ, չի կարելի գյուղացուն ստիպել սինթետիկ պլաստմասսայի որակ ունեցող տանիքով գոմեր կառուցել: Եթե մարդիկ իրենք ուզում են տեխնիկապես հագեցած գոմերի հետ ծանոթանալ,  թող գան, մենք կծանոթացնենք, այդ նախագծերն ունենք»,- ընդգծեց նա:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ վարչապետի կադրերն անհաջող են. «Դատարկագլուխ կադրերով առաջ չենք գնա: Երբ վարչապետն ասաց, որ իր կադրերն անհաջող են, դա այդպես էլ թղթի վրա մնաց, մենք կարծում էինք, որ այդ հայտարարությունից հետո վարչապետն ուղղակի մի քանի նախարարների ու տեղակալների գլուխներ պետք է թռցներ, դատի տար: Այսօր անպատասխանատու մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, չեն հասկանում՝ որտեղ են աշխատում, և չեն հասկանում, որ մեր երկրի ապագայի մի բնագավառն էլ իրենց ձեռքում է: ԱԺ-ն շատ վատ է աշխատում: Ինչքա՞ն կարելի է այդքան ձրիակեր պահել՝ բարձր աշխատավարձերով: Դարձել ենք ձրիակերների երկիր»:

Տեսանյութեր

Լրահոս