«Զորաց քարերի» մուտքը կլինի տոմսերով
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը 2020 թվականից անցնելու է տոմսային տնտեսության։ Տոմսի արժեքն առայժմ հստակեցված չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Զորաց քարերի» վարիչ Սպարտակ Սաֆրազյանը:
Նրա փոխանցմամբ՝ «տոմսային տնտեսությունը» թույլ կտա «Զորաց քարերում» էլեկտրականություն, ջրագիծ անցկացնել: Նախագծման փուլում է գտնվում նաև 300 մետր ճանապարհի կառուցումը, պահակակետի ժամանակավոր տաղավարի ու դարպասների տեղադրումը։
Հարցին՝ հաջորդ տարի «Զորաց քարերում» նախատեսվո՞ւմ են պեղումներ, և արդյո՞ք հայ աստղագետները, ովքեր այսքան ժամանակ նման հնարավորութունից զրկված են եղել, նույնպես կընդգրկվեն այդ աշխատանքներում, Սպարտակ Սաֆրազյանը պատասխանեց.
«Հունիսից եմ աշխատում՝ որպես վարիչ, այդ ժամանակահատվածում պեղումներ չեն եղել: Իսկ թե ինչ կլինի 2020 թվականին՝ դեռ չեմ կարող ասել: Նման հարցերը դեռ հստակեցված չեն»:
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների հոսքին՝ «Զորաց քարերի» վարիչը նշեց, որ շատ են այցելում ամռանը: Լինում է, որ օրը 300-350 հոգի է գնում, իսկ ձմռան ամիսներին նվազում են:
Նշենք, որ «Զորաց քարերը» որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավելի տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 մ: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր:
Հնավայրի համար հանդիպող ամենահին անվանումներից է «Դիք-դիք քարեր» կամ «Ցից-ցից քարեր» անվանումը, սակայն այն ավելի շատ հայտնի է «Զորաց քարեր», «Զորաքարեր», «Քարահունջ», «Խոսող քարեր» անուններով:
Նկատի ունենալով «Զորաց քարեր» հուշարձանի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում, ՀՀ կառավարությունը 2009 թ. հունիսի 26-ի № 853-Ն որոշմամբ՝ Զորաց քարեր հուշարձանախմբին տվել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի № 1573-Ն որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանել է 50 հեկտար, այն փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Հուշարձանը մասամբ է հետազոտված: