«Ադրբեջանը հիմա ակտիվ առևտրի մեջ է ՄԽ համանախագահների հետ». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ հայկական կողմի ձեռք բերած «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում խոսում են Ռուսաստանից «ՍՈւ 30» գնելու մասին. «Այսինքն՝ շատ հավանական է, որ նաև ադրբեջանական կողմը ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»:

Ինչ վերաբերում է զենքի գնմանը, ապա, ըստ նրա՝ պետք չէ դա այդքան շեշտել. «Եթե մենք խոսում ենք պատերազմին պատրաստվելու Ադրբեջանի մոտիվներից, այսինքն՝ անընդհատ շեշտում ենք, որ նրանք զենք են գնում, զորավարժություններ են անում և տարատեսակ միլիտարիստական սպառնալիքներ մեզ ուղղում, պետք է հասկանանք, որ միջազգային հանրությունը նույնկերպ դա ընկալում է, երբ այդպես ցուցադրաբար և շատ ակտիվ, հպարտորեն ներկայացնում ենք մենք: Զենքի գնումները պետք է մի փոքր ավելի համեստորեն լուսաբանել, դրա վրա ավելի քիչ ուշադրություն սևեռել, որովհետև հակառակորդը նույնպես դա ընկալում է՝ որպես ազդակ՝ մոտալուտ պատերազմական գործողություններին պատրաստվելու»:

Ա. Էլիբեգովան նկատեց՝ Արցախի հարցում բոլոր կողմերը խոսեցին, որ ժամանակի կորստի տարի էր, թեպետ 2018թ. մեծ ակնկալիքներ ունեին բոլորը, որ լինելու է առաջընթաց, և 2019թ. բեկումնային է լինելու. «Իհարկե, դա չեղավ, որովհետև չկար որևէ նախադրյալ, որպեսզի բեկում մտներ պրոցեսի մեջ: Նախ՝ հայկական կողմը երկար պատրաստվում էր բանակցային գործընթացին ներգրավվելու համար, երկրորդ՝ մի փոքր խնդիր ունեինք մեր դիրքորոշման հետ, ինչի մասին շատ հաճախ խոսում էինք, և ամբողջ 2019թ. ծախսվեց այդ հստակեցման վրա: Այս պահի դրությամբ դիրքորոշման նման մի բան ֆիքսվել է»:

Այս պահի դրությամբ, Արցախի հարցում, ըստ նրա՝ փաստացի փակուղային իրավիճակ է. «Երեք կողմերն ունեն իրենց մոտեցումները հարցի շուրջ, որոնք որևէ կերպ համադրելի չեն»:

2020թ. հունվարին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը, Էլիբեգովայի խոսքով՝ լինելու է ընթացիկ. «Լուրջ սպասումներ պետք չէ ունենալ: Ադրբեջանը նախընտրական փուլ է մտնում, մենք Արցախում նախընտրական փուլ ենք մտնում ապրիլին, և ոչ մի արտառոց բան մինչև գարուն սպասել պետք չէ: Ինչ կլինի Արցախի ընտրություններից հետո, ինչ քայլերի կգնա Ադրբեջանը, նաև կախված է ընտրությունների արդյունքներից, թե արդյո՞ք Ադրբեջանի համար կստեղծվի հարմար պահ՝ ռազմական լուծման գնալու: Ադրբեջանը ռազմական լուծման պատրաստվում է, բայց պրոցեսները միայն Ադրբեջանից չեն կախված, այլ նաև դրսի խաղացողներից: Ադրբեջանը հիմա ակտիվ առևտրի մեջ է ՄԽ համանախագահների հետ, նաև պատերազմական լուծման դեպքում պատիժը չկրելու տարբերակն է քննարկվում, ինչպես ապրիլյանի ժամանակ եղավ, երբ փաստացի Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնաց, և այն պատիժը, որը պետք է կրեր բանակցային գործընթացում Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև պայմանավորվածություններով, ինքը խուսափեց: Այս պահին խոսվում է, որ վերականգնվել է այդ ֆորմատը, բայց այդպես չէ: Պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի համար ամենաանվտանգ կետն են ընտրել, որ զուտ Կասպրչիկի թիմն ավելանա, ինչը ոչինչ չի փոխելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս