«Մեր կատարած աշխատանքներն առաջնագծում առավել ճկունություն են ապահովում մեր ստորաբաժանումների համար». Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ

Արցախի պաշտպանության բանակի համար ինչպիսի՞ տարի էր, ի՞նչ ձեռքբերումներ եղան, որոնք կառանձնացնեիք՝ սպառազինական, մարտավարական, հենակետերի ամրապնդման առումով, և այլն: Ի՞նչ լրջագույն խնդիրներ հաղթահարվեցին, ի՞նչ քննություն հանձնեց Արցախի ՊԲ-ն:

– Անցնող 2019 թվականի ընթացքում շարունակվեց զինված ուժերի զարգացման և արդիականացման գործընթացը: Բանակը համալրվեց նոր սպառազինությամբ, փոփոխություններ իրականացվեցին սննդի ապահովման հարցերում:

Սակայն ամենից շատ կարևորում եմ առաջնագծում իրականացված ինժեներական-ամրաշինական, լրակահավորման աշխատանքները: Այս առումով 2016-2019 թվականները բեկումնային են եղել, որովհետև այս երեք տարիների ընթացքում առաջնագիծը դրական առումով մեծ փոփոխություններ է կրել:

Այս ամենը նպատակ ուներ, առաջին հերթին՝ բարձրացնելու առաջնագծում ծառայություն տանող անձնակազմի անվտանգության աստիճանը, երկրորդ՝ սահմանային ակտիվության պարագայում դիրքային առավելություն ապահովել մեր զինծառայողների համար, իսկ մարտական գործողությունների տարբեր սցենարների պարագայում մարտի վարման համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ ապահովել:

Մեր կատարած աշխատանքներն առաջնագծում առավել ճկունություն են ապահովում մեր ստորաբաժանումների համար, ինչը ժամանակակից պատերազմների ժամանակ առաջնային հարցերից է:

Այս տարվա ձեռքբերումներից է զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, որովհետև մեր զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունն ու կենամակարդակը պետք է լինի ամենաբարձրերից:

Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը ևս ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի ՊԲ-ում հարցը վեջնականապես փակել:

Ի՞նչ խնդիրներ չհաջողվեց լուծել, որոնց լուծումը տեղափոխվեց 2020 թվական:

– Լուծելու, առաջ գնալու տեղ միշտ ունենք, կարևորներից է՝ սպաներին ծառայողական բնակարաններով ապահովելու հարցը կոմպլեքս լուծելու, բնակարանային հերթացուցակներում գտնվող սպաների հարցը միջնաժամկետ կտրվածքով լուծելու խնդիրը, որի ճանապարհն արդեն ուրվագծված է, հերթացուցակում չգտնվող, սակայն բնակարանային խնդիրներ ունեցող զինծառայողների համար արտոնյալ պայմաններով ծրագրերի  ապահովումը, և այլն:

Ես առավել շատ կենտրոնացա զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի վրա, որովհետև մեծ անելիքներ ունենք,  մեր զինծառայողները, կարճ ասած, պետք է լավ ապրեն:

Ամրաշինական աշխատանքների այս տարվա տեմպը պետք է փոխանցել նաև 2020-ին, որովհետև երբ մի տարի աշխատանքի ծավալը նվազում է, ապա հաջորդող տարիներին խնդիրները կուտակվում են:

Այս տարի զինված ուժերի համար նախատեսված բյուջետային հատկացումներից բացի, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Արցախի նախագահի հանձնարարությամբ, բյուջեով լրացուցիչ գումարներ են հատկացվել, աշխատանքին ներգրավվել են նաև մասնավոր կազմակերպություններ:

Արդեն մի քանի տարի է՝ ռազմական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից բացի, Արցախի նախագահը պահուստային բյուջեից սպաների համար լրացուցիչ պարգևատրման գումար է հատկացնում, դա կնախատեսվի նաև հաջորդ տարվա համար:

ՊԲ սպառազինությունը համալրելու, թարմացնելու, արդիականացնելու գործընթացը պետք է շարունակել, մեծացնել 2019 թվականի ընթացքում գնված սպառազինության, ռազմական տեխնիկայի քանակը:

Անելիքները շատ են, դրանք ամրագրված են Զինված ուժերի արդիականացման ծրագրում և տարիների ընթացքում դրանք անընդհատ համալրվելու են:

Ինչպե՞ս է Արցախի ՊԲ պատրաստվում տոնական օրերին, գաղտնիք չէ, որ այդ օրերին ևս հակառակորդի կողմից սադրանքները չեն բացառվում:

– Այս հարցադրումը երկու հարթություն ունի. Առաջինը՝ անել ամեն ինչ, որպեսզի տոնական օրերին մեր երկրի համար կարևորագույն գործառույթ իրականացնող մարդիկ զգան տոնական ջերմությունը բոլոր առումներով:

Երկրորդ, տոնական օրերին ծառայությունն առավել զգոն է կատարվում, մեր զինծառայողներն անում են առավելագույնը, հատկապես՝ նման օրերին մեր ժողովրդի անդորրն ու հանգստությունը պահպանելու համար, հնարավորություն տալու մեր քաղաքացիներին վայելելու տոնական օրերն ու հանգիստը:

 

Տեսանյութեր

Լրահոս