«Նախագահը հնազանդ կերպարի միջոցով ապահովում է իր պաշտոնավարման շարունակականությունը». Սիրանուշ Սահակյան
«Օրենքն ի սկզբանե խնդրահարույց էր այն տեսանկյունից, որ, թեև նշվում է՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք, այն հեռու է վաղ կենսաթոշակային օրենքներից, որովհետև դրանց տրամաբանությունը հուշում է, որ, օրինակ, եթե կենսաթոշակային տարիքը 70-ն է, հնարավորություն է տալիս, որ ցանկացած դեպքում բոլոր դատավորները, անկախ ժամանակային սահմանափակումներից, իրացնեն այդ իրավունքը ու կենսաթոշակի գնան, ասենք, 65 կամ 63 տարեկանից, բայց որևէ երկրում չկա տրամաբանություն, որ 40, 41, 42 և ավելի ցածր տարիքի դատավորները հնարավորություն ունենան գնալ վաղ կենսաթոշակի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակի օրենքին՝ ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Վերջինս նշում է, որ մյուս կողմից՝ այս օրենքները ժամանակային սահմանափակում չեն դնում, որ դու կարող ես այդ իրավունքը իրացնել միայն 2 ամսվա ընթացքում, բայց հետագա դատավորները նույն հավասար հիմունքներով չեն օգտվում դրանից, ինչպես որ մեր դեպքում է:
«Բացի դրանից, վաղ կենսաթոշակի անցնելու համաձայնությունը պետք է լինի ազատ, չպետք է ենթարկվի որևէ ազդակների, այդ թվում՝ ֆինանսական: Բայց այս պարագայում կան ակնհայտ ֆինանսական ազդեցություններ, քանի որ անձն ըստ էության պահպանում է աշխատավարձը մինչ 70 տարին լրանալը, և դրանից հետո էլ կենսաթոշակ են ստանալու կենսաթոշակային գումարի չափով: Եվ մեկնաբանությունը խիստ իրավացիորեն այն է, որ հրաժարականի աղավաղված ցանկություն արտահայտելու դիմաց՝ անձը չաշխատելով՝ հարկատուների հաշվին ստանա վարձատրություն՝ ըստ էության կաշառվելով իշխող քաղաքական ուժի համար ցանկալի որոշում կայացնելու համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այս շեղումները հանգեցնում են դատավորների անկախության ու անփոփոխելիության սկզբունքի խախտմանը:
Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ այստեղ ոչ միայն մեր Սահմանադրության բազում դրույթների հետ խնդիրներ կան. սա նաև միջազգային ստանդարտներին հակասող նախագիծ է:
«Քանի որ չափազանց խնդրահարույց էր նախագիծը, ակնկալիք կար, որ մինչև դրա ստորագրումն ու ուժի մեջ մտնելը կքննարկվեր դրա՝ Սահմանադրությանը համապատասխանեցումը: Ավելին, մենք ունենք նաև գործիքներ, և ՍԴ-ում գործի քննության ժամանակ կարելի էր հայցել նույն ՄԻԵԴ կարծիքը, և Եվրոպական դատարանն էլ կարծիք կհայտներ, թե նմանատիպ նախագիծը որքանո՞վ է համահունչ կոնվենցիոնալ դրույթներին»,- ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիրը:
Սիրանուշ Սահակյանն այս նախաձեռնությունը քննարկում է նախորդող զարգացումների ֆոնին, իսկ դրանցում եղել են փորձեր ՍԴ կազմի փոփոխության:
«Առաջին փորձը Վահե Գրիգորյանի հայտարարությունն էր, որ ինքը նախագահ է, իսկ մնացած 7-ը ոչ լեգիտիմ են ու պետք է լքեն ՍԴ-ն: Քանի որ մենք ունեցանք ձախողված օպերացիա, մենք տեսանք դրա շարունակությունը կենսաթոշակային օրենքի ձևով, դրանից հետո տեսանք զարգացում քրեական հետապնդումների ձևով, և ես վստահ եմ, 1 տարի հետո ՀՀ կենսական խնդիրները թողած՝ ունենալու ենք բավականին անառողջ քննարկում Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների միաձուլման թեմայով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ նախագահն այսօր չօգտվեց ՍԴ դիմելու՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից ու ստորագրեց այդ օրենքը, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ նախագահը չի ցանկանում առճակատվել իշխող քաղաքական մեծամասնության հետ և հնազանդ կերպարի միջոցով ապահովում է իր պաշտոնավարման շարունակականությունը:
«Այս քաղաքական մեծամասնությունը հնարավորություն ունի հասնելու նախագահի փոփոխությանը, որովհետև վերջինս պառլամենտի կողմից է ընտրվում, և ինչ-ինչ գործընթացների արդյունքում դա ևս կարող է սպառնալիք լինել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Հարցրինք նաև, թե արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ ու վիճարկել այս օրենքի սահմանադրականությունը:
«ՍԴ դիմելու իրավունք տրված է նաև պատգամավորների որոշակի թվաքանակի: Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ն իրավունք ունի ՍԴ դիմել ԱԺ օրենքների, որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը գնահատելու համար: Եթե երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թիվը գումարում ենք, կարծես թե 1/5-ի շեմը հաղթահարվում է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մեր զրուցակիցը հավելեց, որ նախագահը սահմանադրական փոփոխություններից հետո դոմինանտ առաքելություն ունի սահմանադրականության ապահովման տեսանկյունից:
«Եվ ես կարծում եմ, նախագահի ինստիտուտի կենսունակությունը պետք է գնահատել ՍԴ դիմելու դիմումների քանակով, և սա է լինելու ցուցանիշը: Հիմա, երբ մենք նայում ենք իր գործունեության ժամանակահատվածին, տեսնում ենք, որ ներկայացվել է 2 դիմում, ընդ որում, 2 դիմումների պարագայում ինքն ունեցել է շահագրգռություն, որովհետև անձնապես նախագահի ինստիտուտին են վերաբերել: Մնացյալ այլ դեպքերում, երբ սահմանադրականության լուրջ հարցեր են առաջ բերել, վերջինս գտնվել է պասիվ դերում: Եվ այդքան քիչ դիմումների քանակը պարզապես վկայում է, որ մենք գործող արդյունավետ ինստիտուտ ՀՀ-ում պարզապես չունենք»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը: