«Սա բացառելու է կոռուպցիան, սահմանվելու է հավասարության սկզբունք՝ բոլորի համար»․ Մնացական Բիչախչյանը՝ անձնագրային ծառայություններում սպասվող փոփոխությունների մասին
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի հետ
– Պարոն Բիչախչյան, 2019թ. որքա՞ն մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար, և որքա՞ն մարդ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
– 2019թ․ 9 ամսվա դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած քաղաքացիների քանակը կազմում է 11 հազար 173։ 2015թ․ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ 10 հազար, 2016թ․՝ 7 հազար, 2017թ․՝ 10 հազար 40, 2018թ․՝ 12 հազար 449 մարդ։ 2019թ․ դեկտեմբերի դրությամբ 12 հազարից էլ բարձր կլինի, համոզված եմ։ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար սեպտեմբեր ամսվա դրությամբ դիմել է 5484 քաղաքացի․ դադարեցման առումով էլ կա թվային աճ։ Նախորդ տարի դիմել է՝ 6576, 2017թ․՝ 5250 քաղաքացի։ Խնդիրն այն է, որ անձի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է՝ դիմել և՛ քաղաքացիություն ստանալու համար, եթե բավարարում է օրենքով սահմանված պահանջներին, և՛ դադարեցման համար՝ փոխել քաղաքացիությունը, դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից, ստանալ այլ երկրի քաղաքացիություն։ Հիմնականում, այլ պետությունների օրենսդրությունն այնպիսի կոնցեպցիա ունի, որ, եթե անձը դիմում է քաղաքացիություն ստանալու համար, չպետք է ունենա որևէ երկրի քաղաքացիություն։ Անձն այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար դիմում է տարբեր շարժառիթներով և ստիպված դիմում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար։
Մենք օրենքի նախագիծ ենք դրել շրջանառության մեջ, և եթե ԱԺ-ի կողմից այն ընդունվի, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թվաքանակն ավելի քիչ կլինի։ Քանի դեռ անձը չի ստանում այլ երկրի քաղաքացիություն, իրավաբանորեն հրամանագիրը չի համարվում ուժի մեջ մտած։ Այսինքն՝ նախագահի կողմից ստորագրվում է հրամանագիր, դադարեցվում է անձի քաղաքացիությունը, սակայն անձը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել այլ երկրի քաղաքացիություն։ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց թվաքանակի մեծ մասը կազմում են այն անձինք, որոնք դեռ չեն ստացել այլ երկրի քաղաքացիություն, և նրանք շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի։ Այլ երկրի քաղաքացիություն ստանալու ապացույցը ներկայացնելու պարտավորությունը կրելու է քաղաքացին, ինքն է բերելու անձնագիրը։ Նույնիսկ, եթե ստացել է և չի ներկայացնում մեզ, որևէ խնդիր չկա, նա չի համարվի քաղաքացիությունը դադարեցված անձ։
– ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ փոփոխություններ կան:
– ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվելու է։ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ՝ ազգությամբ հայերի համար պարզեցվում է այս գործընթացը։ ՀՀ քաղաքացիության համար դիմողների գերակշիռ մասն ազգությամբ հայերն են, օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը նախատեսվում է կրճատել և դարձնել 3-ամսյա։ Ընթացակարգային նորմերի պարզեցման արդյունքում պետք է հասնենք դրան։ Հուսով եմ՝ 2020թ․ առաջին կիսամյակում կընդունվի այդ օրենքը, և մենք կունենանք առավել պարզեցված ընթացակարգ՝ ազգությամբ հայերի համար։
– Եթե ՀՀ քաղաքացին ամուսնանում է մուսուլմանական երկրի քաղաքացու հետ, այդ երկրի քաղաքացին կարո՞ղ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և արդյո՞ք դա ռիսկեր չի պարունակում՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը։
– Եկեք՝ չտարանջատենք որևէ կրոնական պատկանելության առումով։ Եթե ՀՀ քաղաքացիության համար դիմողն ազգությամբ հայ է, ապա ազգությամբ հայերի համար գոյություն ունի պարզեցված ընթացակարգ։ Ազգությամբ հայն իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել՝ անկախ նրանից՝ վերջին 3 տարին Հայաստանում բնակվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ազգությամբ հայ չէ՝ անձն իրավունք ունի ՀՀ քաղաքացիության համար դիմել, եթե վերջին 3 տարին օրենքով սահմանված կարգով բնակվել է ՀՀ-ում, հանձնում է ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ։
Մյուս ընթացակարգը՝ եթե չի բավարարում վերջին 3 տարին ՀՀ-ում բնակվելու պայմաններին, կա ամուսնության հիմքով ՀՀ քաղաքացիության համար դիմելու իրավական ընթացակարգ։ Երբ գոնե վերջին 2 տարվա ընթացքում պաշտոնական ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ և վերջին 2 տարվա մեջ 365 օր օրինական կարգով բնակվել է ՀՀ-ում։ Այս օրենքի փոփոխությունը մենք ժամանակին կատարեցինք, որպեսզի քաղաքացիները չդիմեն կեղծ ամուսնությունների։
ՀՀ քաղաքացիության համար դիմելը դեռևս չի նշանակում՝ քաղաքացիություն ստանալ։ Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նախագահն է որոշում՝ տվյալ անձին շնորհե՞լ քաղաքացիություն, թե՞ ոչ։ ՀՀ քաղաքացիություն չշնորհելը նախագահի բացառիկ իրավունքն է, և եթե մի գործընթաց բացառիկ լիազորություն է, ապա, բնականաբար, այն չի կարող բողոքարկվել դատական ընթացակարգով։ Որևիցե անձ չի կարող պահանջ ներկայացնել ՀՀ նախագահին՝ ինչի համար իրեն չշնորհվեց ՀՀ քաղաքացիություն։
– Անձնագրային ծառայությունների մասով դժգոհություններ կան՝ կապված հերթերի հետ, այս ուղղությամբ բարեփոխումներ նախատեսվո՞ւմ են։
– Այս ուղղությամբ, իհարկե, բարեփոխումներ նախատեսում ենք, դա համար առաջին գերխնդիրն է ոստիկանության համար։ Բարեփոխումը հետևյալն է․ կառավարության որոշում ընդունվեց և սահմանվեց՝ ամբողջ անձնագրային ծառայություններում անհատույց օգտագործման համար որոշակի տարածքներ տրամադրել՝ համապատասխան վճարահաշվարկային տերմինալներ տեղադրելու համար։ Ի՞նչ ենք անում սրանով․ նախ՝ դա հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրից բխող միջոցառումների խումբ է։ Վճարահաշվարկային տերմինալները պետք է ունենան մանր վերադարձնելու հնարավորություն։ Ենթադրենք՝ պետական տուրքը կազմում է 1200 դրամ, քաղաքացին վճարում է 2000 դրամ, բացառվելու է 800 դրամը հեռախոսահամարներին փոխանցելու գործընթացը, քանի որ չկա մանր։ Մյուսը՝ կազմակերպությունը պարտավորություն է վերցրել իր վրա 6 տարի ժամկետով թվով 35 անձնագրային ծառայություններում և կետերում տեղադրել հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ։ Տեղադրումը և 6 տարվա սպասարկումը կատարվելու է անվճար։
Սա զերծ է պահելու դժգոհություններից, բարձրացնելու է մատուցվող ծառայության որակը։ Եթե քաղաքացին գիտի, որ թեկուզ իր հերթը հասնելու է 2 ժամ հետո, այստեղ ավելորդ լարվածություն չի առաջանա և՛ քաղաքացու, և՛ անձնագրային ծառայության աշխատակցի միջև։ Սա բացառելու է կոռուպցիան, սահմանվելու է հավասարության սկզբունքը բոլորի համար՝ անկախ այն հանգամանքից՝ ով ես, ինչ պաշտոն ես զբաղեցնում, ում հարազատ-բարեկամն ես։
– Վերջերս ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց մեղադրում էին սեռափոխված անձանց անձնագիր տրամադրելու մեջ: Առհասարակ նման դեպքեր գրանցվե՞լ են, եթե՝ այո, ապա քանի՞ դեպք:
– Ես իմ պաշտոնավարման ժամանակ սեռափոխված անձի անձնագիր տրամադրելու գործընթաց չեմ հիշում։ Այլ խնդիր է անուն փոխելը, այլ խնդիր է սեռը փոխելը։ Օրենսդրությամբ հստակ սահմանված է այդ ընթացակարգը։ Եթե քաղաքացին փոխում է սեռը, բնականաբար, առանձին բժշկական եզրակացությունների առկայության դեպքում պետք է համապատասխան գործընթաց անցնի․ դա անհատական տվյալի փոփոխություն է՝ Կացության ակտերի գրանցման մարմնում ամրագրված։ Համենայնդեպս, ես չեմ հիշում սեռի փոփոխություն։ Անվանափոխության դեպքեր եղել են․ անունները չշեշտեմ։ Անվանափոխությունն այսպես է՝ եթե քաղաքացին ներկայացնում է անվանափոխությունը հաստատող փաստաթուղթ անձնագրային ծառայություն, մենք պարտավոր ենք գործողություն կատարել։ Ինչքանով տեղեկացված եմ՝ որևէ օրենսդրությամբ անունը փոխելու համար արգելք սահմանված չէ՝ ինչպիսի անուն ընտրել։ Հայկական մենթալիտետով մենք գիտենք՝ անունն արական սեռի է, թե իգական, բայց որևէ օրենսդրությամբ սահմանված չէ ցանկը, և դա չի կարող արգելք հանդիսանալ՝ անունը փոփոխելու առումով։ Քաղաքացին ինքն է ընտրում իր անունը։
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում