Հայաստանը երեք անգամ շատ գազ կներկրի Իրանից. Արմեն Իսրայելյան

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները  դեռևս ցանկալի արդյունք չեն տալիս: Օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ Իրանն արդեն ունի 800 կգ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան 200 կգ-ով:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը 168.am-ի հետ հարցազրույցում նկատեց, որ Իրանի գործողությունները հայտարարված գործողություններ են և բխում են Միացյալ Նահանգների՝ Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո տեղի ունեցող գործընթացներից: Իրանը հայտարարել է, որ համաձայնությունը ստորագրած կողմերից մեկի ստանձնած պարտականությունները չկատարելու դեպքում Իրանը կսկսի համաձայնագրից հրաժարվելու առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ քայլերը: Այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր ուրանի հարստացման գործընթաց չսկսել, բայց աստիճանաբար հրաժարվում է այդ արգելքից: Այս գործողությունները չորրորդ քայլի շրջանակներում են տեղավորվում, բայց Սալեհին դեռևս չի հայտարարել հինգերորդ քայլի կիրառման մասին: Հայտնի չէ, թե Իրանը  դուրս կգա՞ համաձայնագրից, թե՞ ոչ, բայց բանակցելու հնարավորություն դեռ թողնում է:

– Ինչպե՞ս է Իրանը դիմակայում իր դեմ կիրառվող պատժամիջոցներին, և ինչպե՞ս են դրանք արտացոլվում իրանական հասարակության վրա:

– Տնտեսական իրավիճակը Իրանում բարդ է, և կառավարությանը մեծ դժվարությամբ է հաջողվում այդ տնտեսական պատժամիջոցները հաղթահարել: Դրանք վերաբերում են և ապրանքատեսակների ձեռքբերմանը, և արտահանումներին, և ներկրումներ իրականացնելուն, և բանկային փոխանցումներին: Տարբեր երկրների հետ «Նավթ՝ ապրանքի դիմաց» կամ այլ գործիքակազմերի կիրառման փորձը կա թե Իրանում, թե գործընկեր երկրների դեպքում: Օրինակ՝ Ռուհանիի Տոկիո այցելության ժամանակ երկու երկրները բանակցել են Ճապոնիայի նավթային պահանջները բավարարելու հարցի շուրջ: Երկրների ու կազմակերպությունների շրջանակը լայն է, իսկ խնդիրները հաղթահարվում են: Ինչ վերաբերում է երկրի ներսում թանկացումներին, ապա սուբսիդիաները, որ կառավարությունը տրամադրում էր բենզինի գինն էժան պահելու համար, ստիպված եղավ վերանայել իր այդ քաղաքականությունը, ինչն ուղեկցվում էր բնապահպանական խնդիրներով ու բենզինի ապօրինի արտահանման խնդիրներով: Պատժամիջոցները բացասական ազդեցություն, իհարկե, ունենում են, բայց հետհեղափոխական երեք-չորս տասնամյակի ընթացքում Իրանն իր տնտեսությունն այնպես է կազմակերպել, որ կարողացել է ստեղծել դիմադրողական տնտեսություն:

– Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի վրա բացասական ազդեցություն թողնո՞ւմ են:

– Իհարկե, բացասական ազդեցություն ունենում են, բայց մեր տնտեսական օրակարգում չկան այնպիսի նախագծեր, որոնց վրա պատժամիջոցներն ուղիղ ազդեցություն են ունենում: Օրինակ՝ բանկային փոխանցումների հետ կապված խնդիրներ լինում են, որոնք պայմանավորված են պատժամիջոցներով, կամ փոքր-միջին բիզնեսի համար տարատեսակ խնդիրներ կարող են առաջանալ:

– Այս տարվա հոկտեմբերին Հայաստան ժամանած Իրանի նախագահ Ռուհանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են մեծացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համագործակցության ծավալները: Ինչ-որ քայլեր այս ուղղությամբ արվե՞լ են:

-Ինչ վերաբերում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համագործակցությանը, ապա Հայաստանի կառավարությունը  2020 թվականին ավարտելու է երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, ինչը ենթադրում է, որ Հայաստանը Իրանից երեք անգամ ավելի շատ գազ կներկրի, և երեք անգամ շատ էլեկտրաէներգիա կարտահանի ու կվաճառի և Իրանին, և տարածաշրջանի այլ երկրներին, որոնց մոտ այդ պահանջարկը կառաջանա:

Գազ-էլեկտրաէներգիա ձևաչափով համագործակցությունը շահավետ է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Երկու կողմն էլ շահագրգռված են այն իրականացնել: 2020 թվականի երրորդ գծի շինարարության ավարտից հետո մենք կավելացնենք ծավալները:

– Ինչպիսի՞ն է Հայաստանի վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ:

– Իրանը Հայաստանի կարևորագույն հարևաններից մեկն է, կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար մի քանի տեսանկյունից: Իրանը մեր հարավային հարևանն է, սահմանակցում է Արցախին: Իրանի դիրքորոշումը շատ կարևոր նշանակություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հայաստանի վերաբերյալ  հավասարակշռված քաղաքականությունն իր ազդեցությունն է ունենում իսլամական աշխարհում Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումներում, հայ համայնքի հետ կապված հարցերում, և հատկապես վերջին շրջանում տնտեսական գործոնն է, որը  երկու երկրները հաջողությամբ իրականացնում են ԵԱՏՄ-ի շրջանակներում:

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման ժամանակ օրակարգային հարցեր քննարկվեցին: Բացի այդ, Թեհրանում այս ամառ տեղի է ունեցել Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են գործարկվող ծրագրերին առնչվող հարցեր:

2018 թվականի երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն էին աճել շուրջ 60-70 միլիոն դոլարով: Մի շարք ուղղություններով շատ կարևոր հաջողություններ ենք արձանագրել:

Կարևոր է Իրանը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրա կատարված աշխատանքները, ինչն արդեն դրական ազդեցություն թողել է իրականացված բեռնափոխադրումների վրա: 2019 թվականի ճանապարհաշինության և վերականգնողական աշխատանքների արդյունքում շուրջ երեք ժամով կրճատվել է Իրանից  Հայաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհն անցնելու տևողությունը: Այս բոլոր գործոնները Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր լինելու հնարավորությունները մեծացնում են:

Այս տեսանկյունից Իրանը չափազանց կարևորում է Հայաստանը՝ որպես միակ  Իրանին ցամաքով սահմանակից ու ԵԱՏՄ-ին անդամակցող երկիր: Լուրջ ակնկալիքներ կան երկու կողմից էլ, բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում մեկնարկը շատ լավ է տրված: Օրակարգային հարցերի շրջանակը շատ լայն է՝ կրթությունից, գիտությունից՝ մինչև տնտեսություն:

Կարևոր էր նաև իրանական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան:

Կարևորում եմ նաև Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցը Թեհրան, որտեղ իրանական կողմի հետ համաձայնություն էր ձեռք բերվել՝ ստեղծել մի կառույց, որը  հետամուտ կլինի ընթացիկ ծրագրերի իրականացմանը: Ընթացիկ աշխատանքները հույս են ներշնչում, որ մենք կկարողանանք դրական արդյունքներ արձանագրել:

Հայկանուշ Ալոյան

Տեսանյութեր

Լրահոս