«Նկատվեց Բաքվի ազդեցությունը ICG-ի Ղարաբաղյան զեկույցում»

«Երևանն ու Բաքուն լավ կանեն՝ արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրույցը փակուղային հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածները իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,-Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group-ICG) «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հերթական զեկույցում նման խորհրդով է հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՄՃԽ զեկույցի համաձայն՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը դժվար կլինի, բայց դա միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց: Եթե կողմերը հապաղեն, ապա, փորձագետների կարծիքով, կարող են բաց թողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը, որի պայմաններում հարաբերական խաղաղությունը չի կարող շարունակվել:

«Ելքեր փակուղուց» զեկույցն ուշադրություն է հրավիրում երեք հարցի վրա, որոնց շուրջ կողմերը հակադիր դիրքորոշումներ են ունեցել 90-ականների պատերազմից ի վեր։ Առաջինը Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ճակատագիրն է։ «Բանակցությունների համար պայմաններ ստեղծելու տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին կասեցնել վերաբնակեցման նոր ծրագրերը, որի դիմաց Ադրբեջանն էլ կխոստանա վերաբնակեցման հետ կապված բողոքներ չուղարկել միջազգային դատարաններ կամ չպարտադրել հետագա պատժամիջոցներ սահմանված ժամկետով: Երևանը պնդում է, որ վերաբնակեցման ընդլայնման վերաբերյալ որոշումները Ստեփանակերտի ձեռքում են: Իրականում, սակայն, Հայաստանը զգալի ազդեցություն ունի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավոր, որպես նրա բյուջեի մոտ կեսի մատակարար և նրա ապրանքների հիմնական շուկա: Իր հերթին՝ Բաքուն կարծես թե դեմ է նման փոխադարձ քայլերին՝ վախենալով, որ վերաբնակեցման սառեցման վերաբերյալ իրավական գործողությունների դադարեցման դեպքում ռիսկ կա, որ արդեն գոյություն ունեցող բնակավայրերը կընդունվեն այն պահին, երբ Երևանը կզգա, որ ավելի մեծ միջազգային աջակցություն ունի: Բայց Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն հաստատել իր դիրքորոշումն առ այն, որ վերաբնակեցումը հակասում է միջազգային օրենսդրությունը, նույնիսկ, եթե պարտավորվել է դադարեցնել նոր պատժամիջոցները կամ իրավական գործողությունները, և դրանով իսկ ազդանշան տալ, որ մերժում է գոյություն ունեցող բնակավայրերի շարունակական գոյությունը»,- ասվում է զեկույցում:

Երկրորդ հարցը, որի վրա ուշադրություն են հրավիրում ՄՃԽ փորձագետները, բանակցություններն են հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու, դրա կազմի ու մանդատի շուրջ։

«Չնայած 1994-ից ի վեր որոշակի ընդմիջումներով նման առաջարկները շրջանառվում են, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից, նման որևէ առաքելություն չի տեղակայվել: Կողմերից երկուսն էլ, որպես կանոն, հակադրվել են ռազմական ուժին: Նմանատիպ առաքելությունների պլանավորման համար 1990-ականներին ձևավորվել է ԵԱՀԿ ԲՄՊԽ, որը, սակայն, տապալվել է բանակցությունների առաջընթացի բացակայության պայմաններում: Կողմերի աջակցությամբ ԵԱՀԿ-ն կարող էր վերականգնել այն և նրան օժտել որոշակի, սահմանափակ ժամանակահատվածով (գուցե մեկ տարի) մանդատով՝ սահմանելու տարբերակները: Հետագայում սա կարող է կողմերի համար հիմք դառնալ՝ նման առաքելության շուրջ քննարկումների համար»,- նշում են խմբի փորձագետները:

Եվ երրորդ՝ վերջին կարևոր հարցը, զեկույցի համաձայն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ ՄՃԽ փորձագետները զեկույցում ներկայացնում են այս հարցի վերաբերյալ երեք կողմերի դիրքորոշումները, արձանագրելով՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կողմերի միջև դիրքորոշումների տարբերությունը՝ կարգավիճակի վերաբերյալ ցանկացած բանակցություն, ամենայն հավանականությամբ, պետք է սկսել զգույշ և կիսապաշտոնական ձևաչափով:
«Երեք հարցերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրի առաջընթացը պահանջում է (և կարող է խթանել) առաջընթաց մյուսների մասով: Բայց կողմերը դանդաղ են գործել առաջին երկուսի՝ վերաբնակեցման և միջազգային խաղաղապահների կամ դիտորդների հնարավոր դերակատարության մասով` վախենալով, որ դրանք կարող են ազդել երրորդի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա քննարկումների վրա: Այս խոչընդոտները մեղմելու համար կողմերը կարող են խոստանալ, որ ձեռք բերված ցանկացած համաձայնագիր չի վնասի այլ հարցերի շուրջ բանակցություններին»,- ասված է զեկույցում:

Աշխատությունում Ղարաբաղյան հակամարտության բազմաթիվ հարցերի շարքում առանձին գլխով անդրադարձ կա Ռուսաստանի դերին։ Ուշագրավ է, որ զեկույցի այս հատվածում տեղեկատվություն կա «Լավրովի պլանի», դրա շուրջ հայաստանյան և ադրբեջանական դիրքորոշումների մասին: «Երևանն իր հերթին՝ մերժեց այդ առաջարկը։ Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ դրույթների բացակայությունը և հայ ղեկավարների մտավախություններն էին, որ նման խաղաղապահները, փաստորեն, Ղարաբաղին կզրկեն անկախության ապագա հեռանկարներից: Հայ որոշ պաշտոնյաներ, ըստ հաղորդումների, հայտարարել են, որ փաստաթուղթը, հնարավոր է՝ պատրաստվել էր Բաքվում՝ նկատի ունենալով, թե որքան համահունչ է այն, իրենց կարծիքով, ադրբեջանական շահերին։ Այսօր Լավրովի առաջարկը չի քննարկվում։ Ոչ միայն Հայաստանն է շարունակում մերժել այն, այլև Ադրբեջանն է վերադարձել «հավասարակշռված խաղաղապահ ուժերի» նախկին կոչերին, որոնք ներառում են մի քանի երկրների, այլ ոչ միայն՝ Ռուսաստանի խաղաղապահներից կազմված զորակազմեր: Ոմանք Բաքվում նույնիսկ վերադարձել են հին բանաձևերին՝ պնդելով, որ, եթե համանախագահող երկրներն իրենց ներդրումն են ունենում խաղաղապահ ուժերում, ապա նրանց անհատական ներդրումները պետք է կազմեն առաքելության անձնակազմի թվի ոչ ավելի, քան 10 տոկոսը՝ դրանով իսկ կրճատելով ռուս զինծառայողների թիվը, և, որ խաղաղապահները պետք է անզեն լինեն»,- ասված է զեկույցում:

«168 Ժամի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով զեկույցին՝ ասաց, որ ուսումնասիրում են ցանկացած նման զեկույց: Նրա որակմամբ՝ նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար, Բաբայանի գնահատմամբ՝ այնտեղ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են: «Որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, սա միանշանակ է, որովհետև Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը, չգիտես ինչու՝ գրված չէ, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, որևէ տեղ գրված չէ Սաֆարովի հերոսացման և մի շարք այլ գործողությունների մասին…

Այս ամենը ցույց է տալիս, որ արդեն իսկ կա սուբյեկտիվ մոտեցում՝ հաշվի առնելով թուրքական և ադրբեջանական լոբբիների ազդեցությունն այդ խմբի վրա: Ընդհանուր առմամբ, սա մի զեկույց է, որը, չեմ կարծում, որ շատ ազդեցիկ է, պարզապես ծանոթանալու համար է: Հաշվի առնելով հեղինակությունը՝ ինչ-որ տեղ իներցիայի ձևով տարբեր կառույցներ կարող են նայել և ասել, որ այսպիսի զեկույց է եղել, բայց մտածել, որ այն ունի մեծ ազդեցություն տարբեր վերլուծական կենտրոնների, քաղաքական կենտրոնների դիրքորոշման վրա, այդպես չէ: Ժամանակին եղել է օբյեկտիվ, անաչառ, հիմա թուրք-ադրբեջանական լոբբին մտել է, և դա բերել է նրան, որ իրենց հեղինակությունը՝ որպես անաչառ, բարձր, որակյալ, օբյեկտիվ վերլուծական կենտրոն, հօդս է ցնդել»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրել այն խորհրդատվությունները, որոնք տեղ են գտնում զեկույցում, քանի որ դրանք ցույց են տալիս նույն թուրքական-ադրբեջանական արտաքին քաղաքականության միտումները: «Բայց ընդունել՝ որպես բեկումնային զեկույց, զեկույց, որը կարող է մեծ կարևորություն ունենալ, այդպես չէ: Նույն այդ զեկույցում, օրինակ, նրանք չէին կանխատեսել ապրիլյան պատերազմը: Ամենակարևոր միտումները չեն նկատվել՝ չե՞ն կանխատեսել, թե՞ դա միտումնավոր են արել, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ: Խորհուրդներից ոչ բոլորում կարելի է գտնել ադրբեջանական հետք, բայց կա նման բան, և խորհրդատվություններից ամեն ինչին չէ, որ պետք է լուրջ վերաբերվել»,- ասաց Բաբայանը:

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ նշեց, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արևմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: «Նրանք հասկանում են և անուղղակիորեն արձանագրում, որ Բաքվի՝ տարածքային ամբողջականության մասին կատեգորիկ հայտարարություններն արդեն չեն անցնում, նրանք ֆիքսում են, որ լայնածավալ ուժային սցենարի հավանականությունը ներկայումս չկա: Կանխատեսում են սադրանքի բնույթ ունեցող լարում, որը չի կարող լինել երկարատև»,- ասաց Տարասովը:

Խոսելով զեկույցում տեղ գտած «Լավրովի պլանի» հիշատակման մասին՝ Տարասովն ասաց, որ Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, որ չկա «Լավրովի պլան», պետք է ճիշտ հասկանալ, որ Մինսկի խումբը համակարգային կերպով իր առաջարկներն է մշակել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խնդրանքով այդ դիրքորոշումը հանրայնացնում է Մոսկվան, և դա սկսել են անվանել «Լավրովի պլան»: «Կարելի էր համակերպվել դրա հետ, եթե դրա ետևում լիներ բովանդակություն, բայց Ադրբեջանում դա այն կոնտեքստում են ներկայացնում, որ կարգավորման բանալիները Մոսկվայում են, և հենց Մոսկվան է մանիպուլյացնում իրավիճակը և Մոսկվան խաղում է, բայց այդպես չէ: Մոսկվան ընդամենը հանրայնացրել է ՄԽ առաջարկները: Այսքանը»,- ասաց Տարասովը:

Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ կան ադրբեջանամետ տեսակետներ: «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի. դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում ևս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասաց Տարասովը:

Նա համաձայն չէ շրջանառվող այն կարծիքների հետ, թե այս տարվա զեկույցն ավելի մանրամասն է և առանձնահատուկ կերպով տարբերվում է նախորդ տարիների զեկույցներից: Նրա որակմամբ՝ փորձագետներն ընդհանուր առմամբ ամփոփել են բոլոր զարգացումները և արտացոլել են այն հայտարարությունները, տեղեկությունները, որոնք եղել են շրջանառության մեջ այս տարի:

Տեսանյութեր

Լրահոս