«10-րդ բաժնի բոլոր աշխատակիցներին պետք է հեռացնեին գործից ու դատեին». Միհրդատ Մադաթյան
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը չի հիշում մեր երկրում որևէ ղեկավար, ում երեխաներն օգտված լինեն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից:
Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Պետական պահպանության ծառայության միջոցներից վարչապետի դստեր համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 27 հազար դոլար արժողությամբ ամենագնաց: Վարչապետն արձագանքեց, որ այդ մեքենան իր դստեր համար չէ, այլ ՊՊԾ-ի աշխատակիցների, ովքեր իրականացնում են տվյալ պահին գործող վարչապետի ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հասկանալու համար գումարի մեծությունը՝ Միհրդատ Մադաթյանն առաջարկում է այն բաժանել փոքր և միջին բիզնեսի տարեկան հարկերի վրա:
«Ունենք մեքենայի գնում, որը, չգիտես ինչու, Փաշինյանն ասում է, որ գնվել է գարնանը, հետո փաստաթղթերով պարզվում է, որ գնվել է աշնանը: Իմ տեղեկություններով՝ այն գնվել է Մարիամ Փաշինյանի համար, այն ժամանակ, երբ նա դեռ վարորդական վկայական չուներ, նոր է ձեռք բերել: Ուզում եմ ուղղակի փաստել, որ երբ ասում ենք՝ մեքենա է գնվել, պետք է հաշվենք, որ մեզ նման 4-5 հարկատու 1 ամբողջ տարի հարկ է վճարել, երբ ասում ենք՝ 2 մլն դոլար, հաշվեք, որ միջին և փոքր բիզնեսի 100 հարկատու մեկ տարի հարկ է վճարել, որ 2 միլիոն տա, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր տունը վերանորոգի: Երբ ասում ենք՝ մեքենայի գնում կամ մեկ այլ բան, եկեք բաժանենք միջին բիզնեսի տարեկան հարկի վրա, և կտեսնենք, որ դա ահռելի գումար է»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:
Մեքենայի շուրջ ստեղծված աղմուկից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպես էր Փաշինյանների ընտանիքը «վերահաս սկանդալից» առաջ փախել Կառավարական ամառանոցից և ՊՊԾ-ից, ու շրջում էր քաղաքում իրենց հին մեքենայով: Հոգեբան Միհրդատ Մադաթյանին այս պատմությունը հիշեցնում է հայտնի՝ ցնցոտիներ հագած թագավորի մասին հեքիաթը.
«Nissan-ի դեպքից հետո հորինվեց մի հեքիաթ թագավորի մասին, ով հագնում է աղքատի շորեր, դուրս է գալիս փողոց: Դրանից հետո 10-րդ բաժնի բոլոր աշխատակիցներին պետք է հեռացնեին գործից ու դատեին, որ չեն նկատել, թե ինչպես է մի ամբողջ ընտանիք՝ բավականին մեծ կարմիր մեքենայով, դուրս պրծնում Կառավարական տնից, չիմանալ, թե ինչ արկածներ են անում: Այս բեմադրություններն արվում են, որ Nissan-ի պատմությունը մոռացվի»:
Անդրադառնալով Կառավարության մյուս ծախսերին՝ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը հիշեցրեց Ամանորի համար ծախսված ավելի քան 400 մլն դրամը, որը, ըստ նրա, կարող էին ավելի արդյունավետ ծախսել: Նրա խոսքով՝ այն փաստը, որ մեր հարևան երկրներում գովազդային վահանակներ են տեղադրվել, որոնք հրավիրում են Ամանորը նշելու Հայաստանում, ամենևին էլ բավարար չէ:
«Երկու կոպեկի համար, կամ մեծ գումարի համար, ուրախանում եք, որ տուրիստ է գալու, բայց այնքան քաղաքացիներ կան, որ խնդիրներ ունեն: Քաղաքացի ունենք, որ ՊՆ-ի դիմաց՝ արդեն 12-13 օր է, ինչ հացադուլ է անում, իր երեխաները համարյա անտուն են մնացել, մի սենյակում են տեղավորվել, որովհետև իրենց խաբել են, չեք կարողանո՞ւմ 30-40 հազար դոլար տալ, ասել՝ գնա տուն առ, թող երեխաներդ ծածկի տակ մեծանան: Շատ մարդիկ ամեն օր Ֆեյսբուքում օգնություն են խնդրում, և նրանք իրական մարդիկ են:
Հասկանում եք, չէ՞, որ մարդիկ պարտքով են Նոր տարի նշում: Այո, պետք է նշեն մարդիկ, իսկ ո՞վ ասաց, որ պետք է գան Հանրապետության հրապարակ՝ բրդուճ ուտելու: Հնարավորություն տվեք, թող մարդիկ աշխատեն, որ Նոր տարի էլ նշեն, ծնունդ էլ»,- ասաց Մարինա Խաչատրյանը:
Երևանի ավագանու նախկին անդամը պնդում է՝ այն հարկերը, որոնք հավաքվում են, չեն ծառայում իրենց նպատակին, չեն ծառայում պետությանը: Որպես ապացույց՝ Մարինա Խաչատրյանը հիշեցնում է վարչապետի չարտերային թռիչքները, նախարարների բարձրացված աշխատավարձերն ու պարգևատրումները:
«Ոնց որ չտեսներ լինեն, այս ի՞նչ իշխանություն է… Հարստահարում են, կեղեքում են: Լրիվ ընկել ենք «Չիպոլինոյի» մուլտիկի մեջ, «Սինյոր Պոմիդորը» շուտով անձրևի վրա էլ է հարկ դնելու»,- ասում է Մ. Խաչատրյանը: