Հայ մասնագետները՝ Սիլիկոնյան հովտում, «Ներուժը» և Ինժեներական քաղաքը
2019 թվականի վերջին շաբաթները բավականին ակտիվ են հայկական ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտում։ Նախորդ շաբաթ տեղի ունեցավ թվով երկրորդ «Ներուժը», նոր ռազմավարություն մշակեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, հայտնի դարձավ Ինժեներական քաղաքի շինարարության մեկնարկի մասին։
Հայ մասնագետները կարող են ուսանել Սիլիկոնյան հովտում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։
ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։
Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին և պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։
Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: 7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։
Ինժեներական քաղաքը կձեռնարկվի 2020 թվականից
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատանքի տարեկան ամփոփման ժամանակ նշել է, որ 2020 թվականին Ինժեներական քաղաքի կառուցման գործում առաջընթաց կգրանցվի, և կսկսվեն շինարարական աշխատանքները։
Ավելի վաղ Հակոբ Արշակյանը նշել էր, որ «Ինժեներական քաղաքը» նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները:
«Ծրագրի հիմնական նպատակներից է նաև՝ Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև՝ տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար»,- նշել է Արշակյանը։
Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց «Ներուժը»
Դեկտեմբերի 17-ին Դիլիջանում անցկացվեց «Ներուժ» ծրագիրը, որը նպատակ ունի նպատել հայրենադարձությանը՝ ներգրավելով սփյուռքի տաղանդավոր ձեռներեցներին։
Այս անգամ ծրագրին մասնակցում էին աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափերի 80 ներկայացուցիչներ։
«Սա հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ունեն նորարարական միտք, ովքեր ցանկանում են որևէ կերպ կապվել իրենց հայրենիքին, նոր հնարավորություն են փնտրում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հրաշալի առիթ է, իսկ ինչո՞ւ չօգտագործել այդ առիթը։ Եվ այստեղ գտնվող մեր հայրենակիցները, ովքեր իրենց համարձակությունը դրսևորել են և որոշել են գալ Հայաստան և դիմել այս ծրագրին, և նրանցից այն հաղթողները, ովքեր հնարավորություն կունենան ապրել և ստեղծագործել Հայաստանում, հրաշալի առիթներ են ունենալու այստեղ զարգանալու, հզորանալու և սփյուռքի մեր հայրենակիցներին նորից քաջալերելու, որ գան Հայաստան»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ներուժ» ծրագիրը տևել է չորս օր, որի ընթացքում արտերկրից ժամանած ստարտափերները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և շփվել հայկական ստարտափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, և վերջում ներկայացրել են իրենց ստարտափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով: Մրցանակային ֆոնդը կազմել է 80 միլիոն դրամ, որից ստարտափներին են տրամադրվել 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:
ԱՏՁՄ–ն մշակում է նոր ռազմավարություն
Նախորդ շաբաթ Աղվերանում տեղի է ունեցել «ՏՀՏ լիդերների հանդիպում» (ICT Leaders Meeting)
Ֆորումի օրակարգում ԱՏՁՄ 2020-2025թթ․ ռազմավարության մշակման գործընթացն էր։
ԱՏՁՄ-ում նշում են, որ չնայած նախորդ՝ 2017-2021 տարիների ռազմավարության ժամկետը դեռ չի լրացել, պետության ներսում իրավիճակի փոփոխությունը դրդել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամներին դիմել նոր ռազմավարության մշակմանն ու հստակեցնել մոտակա տարիներին ԱՏՁՄ ձեռնարկելիք գործողություններն ու հստակ տեսլականը։
Մասնակիցների շրջանակը հնարավորինս ընդլայնելու համար կիրառվել են գործընթացի կազմակերպման տարբեր ձևաչափեր։ Նախապատրաստական փուլում իրականացվել է օնլայն հարցում, որին մասնակցել է ՏՀՏ ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչ։ Դրա նպատակը ԱՏՁՄ գործունեության վերաբերյալ հետադարձ կապ, հիմնախնդիրների, առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ստանալն էր։ Ռազմավարական պլանավորման հարցումը կազմելիս, ըստ մասնագետի, հետազոտվել է նաև արտաքին միջավայրը, քանի որ նոր ռազմավարության պլանավորման նախաձեռնման պատճառներից կարևորագույնը կտրուկ փոփոխությունն էր արտաքին միջավայրում։
Հիշեցնենք, որ ԱՏՁՄ-ն բիզնես ասոցիացիա է, որի շուրջ միավորված ընկերությունների թիվն այս տարի հասել է 101-ի՝ կազմելով ոլորտի մեկ քառորդը։ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձևաչափն ԱՏՁՄ-ն իրականացնում է տարեկան 2 անգամ՝ սկսած 2007 թվականից: Հանդիպում-Ֆորումը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ:
Սիրարփի Աղաբաբյան