Ամուսնալուծությունները նվազել են, ամուսնությունները՝ նույնպես
Հայաստանում ամեն 4-րդ զույգը ամուսնալուծվում է: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018-ին Հայաստանում գրանցվել է 14 822 ամուսնություն, զույգերից 3820-ը բաժանվել են: Ամուսնությունները 2017-ի համեմատությամբ պակասել են ավելի քան 400-ով, ավելի դանդաղ տեմպերով նվազել են ամուսնալուծությունները՝ 120-ով: Ըստ հոգեբան Էլոննա Ավետյանի՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառը կենցաղային խնդիրներն են:
«Հոգեբանին այցելող զույգերը հիմնականում ունենում են ինֆորմացիայի պակաս, իրենք չգիտեն, թե ընտանիքում ո՞ր դերն է տղամարդունը, ո՞րը՝ կնոջը, կենցաղային դերաբաշխումը սխալ է իրենց ընտանիքում: Մեր իրականության մեջ հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է, տղամարդիկ միայն գումար են բերում: Լինում են սպառնալիքներ տղամարդկանց կողմից՝ «եթե այսպես՝ ուրեմն գումար չեմ տալու», չկա համախմբվածություն, փոխհարաբերությունները ճիշտ չեն գնում: Այդ դեպքերում փորձում ենք ինֆորմացիան լրացնել»,- ասաց հոգեբանը:
Տղամարդկանց մոտ ամուսնության միջին տարիքը 30-ն է, կանանցը՝ 27-ը: Վիճակագրական տվյալներով՝ առավել հաճախ ամուսնալուծվում են մինչև 4 և 20-ից ավելի տարի իրար հետ ապրելուց հետո: Ըստ հոգեբանի՝ զույգերը երբեմն ստիպված են լինում բաժանվել, քանի որ դա տվյալ պարագայում «լավագույն» լուծումն է լինում երկուսի համար.
«Վերջին երեք տարում ինձ ավելի հաճախ դիմում են 17 տարվա, 25 տարվա ամուսինները: Իրենց միջև կոնֆլիկտները շատ են, ստիպված են լինում գնալ այդ քայլին: Տարիների ընթացքում այդ խնդիրները կուտակվում են, և այդ տարիքում, քանի որ երկուսն էլ ազատ են, երեխաները մեծացել են, իրենց կյանքն ունեն, տան կինն ազատ է մնում, հասկանում է, որ իր վրա պետք է ուշադրություն դարձնի, հասկանում է, որ ինքը չունի իր անձնական կյանքը, չունի իրեն ուշադրություն դարձնող զուգընկեր, ում կողքին ինքն իրեն կին կզգա»:
Հաճախ զույգերն ամուսնալուծվում են իրար նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու պատճառով: Երիտասարդ զույգերը հաճախ ամուսնալուծվում են աշխատանքի կամ տարբեր հետաքրքրություններ ունենալու պատճառով: Հոգեբանի ծառայությունները ոչ միշտ են բավարար լինում զույգին բաժանման որոշումից հետ պահելու համար, և գործը հասնում է դատարան: Փաստաբան Արմինե Չոբանյանը պնդում է՝ հաճախ իրենք էլ են ստիպված լինում ստանձնել հոգեբանի դեր:
«Եթե ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն կա, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմիններում: Եթե ամուսիններից մեկը համաձայն չէ ամուսնալուծվել, ապա դատարանը նրանց երեք ամիս ժամանակ է տրամադրում հաշտեցման եզրեր գտնելու համար: Շատ լավ է, որ դատարանը ժամկետ է տրամադրում, բայց բաժանության գործերը մարդկանց ագրեսիվ են դարձնում, և այդ ժամանակը չի կարող օգնել, ձևական բնույթ է կրում: Նրանք, ովքեր դիմում են դատարան, հիմնականում վերջում ամուսնալուծվում են: Հիմա ՀՀ-ում գործում է «Հաշտարարության մասին» օրենք, որը հնարավորություն է տալիս վեճը լուծել արտադատարանական կարգով և ավելի հանգիստ պայմաններում»,- ասաց փաստաբանը:
Ըստ հոգեբանի՝ բաժանությունները ամենաշատն ազդում են երեխաների վրա: Նրանց պետք է նախապես պատրաստել դրան: Ծնողները պետք է խորհրդակցեն հոգեբանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս ասել երեխային այդ մասին և ի՞նչ բառեր օգտագործել: