2015թ. ռուսական կողմը Սու-30ՍՄ կործանիչը շատ ավելի էժա՞ն գնով է առաջարկել, քան հիմա
Հայաստանը 2012թ. Ռուսաստանի հետ 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչ գնելու շրջանակային համաձայնագիր է կնքել: Այս մասին գրում է ռազմական թեմայով մասնագիտացած BMPD բլոգը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Կոմերսանտն» իր հերթին՝ հայտնել էր, որ Սու-30-ի հանդեպ հետաքրքրություն հայկական կողմը սկսել է դրսևորել դեռևս 2010-ին, իսկ արդեն 2012-ին, ըստ պարբերականի, «Մոսկվան և Երևանը ստորագրել էին համաձայնագիր, որով Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է ստանար առնվազն 12 կործանիչ, սակայն այն ուժի մեջ չի մտել պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով»։
Ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց՝ համաձայնագիր կամ պայմանավորվածություն ասվածը մի քիչ շատ է, եղել են խոսակցություններ:
168.am-ի տեղեկություններով՝ Սու-30-ի հանդեպ հայկական կողմն իսկապես հետաքրքրություն ունեցել է և՛ 2012-ին, և՛ 2015-ին: Ավելին, 2015թ. ռուսական կողմը Սու-30ՍՄ կործանիչը շատ ավելի էժան գնով է առաջարկել, քան հիմա, որը նոր պայմանագրով պիտի վճարի Հայաստանը:
Նշենք, որ Սու-30-ի գնման պայմանագիրը կնքվել է 2019-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ առաջին խմբաքանակով 4 ինքնաթիռ է պատվիրվել, սակայն Հայաստանը մտադիր է գնել ևս 8-ը՝ ձևավորելով մեկ ամբողջական էսկադրիլիա։
Ինչ վերաբերում է Սու-30-ի՝ նոր կամ հին արտադրության լինելուն, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ-ին վաճառվող կործանիչները 100 տոկոսով նոր են: Առհասարակ այս կործանիչներն արտադրվում են, երբ լինում է համապատասխան պատվեր:
Վերջերս 168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ուշադրություն էր հրավիրել այն խնդրի վրա, որ «Սու-30ՍՄ կործանիչների գնումը ենթադրում է անձնակազմերի շատ լուրջ պատրաստություն, պահուստային անձնակազմերի առկայություն, ամեն տարի մարզումներ՝ հստակ նշված ժամանակով, և այլն: Երկրորդ՝ Սու-30-ների շահագործման հետ կապված հարցեր են առաջանալու. պետք է ստեղծվի աերոդրոմային ցանց»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ մասնագետների և աերոդրոմների խնդիր կա, բայց դրանք ռազմավարական զարգացման հարցերի շրջանակում են, որոնք Հայաստանին այս կամ այն կերպ, միևնույն է, պետք են:
«Կործանիչներն այս պահին գնենք թե չգնենք, մեր պետության համար օդանավակայանների զարգացման հարցը շատ կարևոր է, և մենք օդուժի հետ կապված շատ ու շատ ներդրումներ և զարգացումներ ենք անելու՝ անկախ ամեն ինչից»,- ընդգծեց նա:
Այս համատեքստում Արծրուն Հովհաննիսյանը հարկ համարեց մասնագիտական մի քանի նրբությունների մասին խոսել, մասնավորապես, որ «Սու-30ՍՄ-ը 7-8 տոննա վառելիքը ծախսում է ոչ թե մեկ ժամում, այլ 4-5 անգամ ավելի ժամանակահատվածում»:
«Ընդ որում՝ նա կարող է թռչել ավելի քան 2 հազար կմ: Ինչ վերաբերում է փոքր տարածքի խնդրին, որը երբեմն բարձրացնում են Հայաստանի Հանրապետության պարագայում, դա ծիծաղելի է: Նշված կործանիչի կտրուկ շրջադարձի շառավիղը կազմում է մի քանի հարյուր մետր, իսկ ոչ կտրուկ շրջադարձինը՝ 3-4 հազար մետր: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ Սու-30ՍՄ-ները չեն գործելու միայնակ, այլ դրանք պետք է կիրառվեն օդային այլ միջոցների հետ միասին՝ մեկ համակարգում: Այսպես և՛ ճիշտ է, և՛ ապահովվում է անհրաժեշտ ճկունություն, ավելին, այս ուղին ավելի քիչ ծախսատար է: Իրոք, ի դեմս Սու-30ՍՄ-ների, լավագույն հարվածային միջոցներով հակառակորդի ռազմական մեքենայի մեջքը կոտրելուց և օդային ամուր գերակայություն հաստատելուց հետո, մենք կարիք կունենանք գրոհիչների և նույնիսկ հարվածային ուղղաթիռների, որոնք ավարտին կհասցնեն հակառակորդի ջախջախումը:
Այս առումով հատկանշական է, սակայն, որ ոչ մի գրոհիչ, առավել ևս՝ հարվածային ուղղաթիռ, չի կարող արդյունավետ գործել՝ առանց օդային հստակ գերակայության հաստատման, հակառակ պարագայում՝ այդ մեքենաները հակառակորդի կործանիչների համար ուղղակի շարժական թիրախներ կդառնան»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը: