«Սերժ Սարգսյանի օգնականը մոտեցավ և ասաց՝ տիկին Դանիելյան, ձեր տեղը նախագահի կողքին է». Կարինե Դանիելյան
Կառավարության այսօրվա նիստում Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը: 168.am-ը Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Հանրային խորհրդի նոր նախագահի նշանակման մասին, շարունակելո՞ւ է իր աշխատանքը ՀԽ-ում, թե՞ ոչ:
«Եթե ես ուղղակի Հանրային խորհրդի անդամ լինեի, կպատասխանեի, որ՝ այո, կշարունակեմ: Բայց հանձնաժողովի նախագահ լինելը բավականին դժվար հարց է, և կարելի է ասել, որ առնվազն կես դրույք լրացուցիչ անվճար աշխատանք է, և շատ դժվար է դա զուգակցել հիմնական աշխատանքի հետ: Եվ ես շատ դժվարանում եմ այդ կարգավիճակում մնալ այնտեղ: Ստյոպա Սաֆարյանի հետ որքան շփվել եմ, նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել, ես իրեն մոտիկից չգիտեմ, որ իրավունք ունենամ ինչ-որ կարծիք հայտնել, բայց բացասական վերաբերմունք չեմ ունեցել»,- ի պատասխան՝ ասաց Կարինե Դանիելյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարել էր, որ Հանրային խորհուրդը կարող է լինել հարթակ, որտեղ տեղի ունենա ընթացիկ իրավիճակի վերլուծությունը, քաղաքական դաշտի խնդիրները, և նաև կառավարություն-արտախորհրդարանական ուժերի հանդիպման պլատֆորմ:
Կարինե Դանիելյանը չի ցանկանում, որպեսզի Հանրային խորհուրդը քաղաքականացվի. «Ժամանակը ցույց կտա, ի վերջո, սա ավելի շատ հանրության համար է: Միգուցե հնարավոր է, որ մեկը մյուսին չխանգարի, չի բացառվում: Ես, ճիշտն ասած, շատ բարձր եմ գնահատել Հանրային խորհրդի գործունեությունը, նախորդ կազմում ես եղել եմ ուղղակի խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նաև հանձնաժողովի նախագահ: Բոլոր դեպքերում, բավականին գործունեություն ծավալվել է, և եթե կապը լիարժեք գործել է նախագահի, վարչապետի, նախարարների հետ, ապա ինչ-ինչ հարցեր լուծել հնարավոր եղել է, ես չեմ կարող ասել, որ ամբողջովին ազդեցություն ունեցել ենք, դա այդպես չէ»:
Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, թե՝ իր համար մեծագույն պատիվ է աշխատել ՀՀ-ի, Արցախի համար, նրանց շահերի համար, Կարինե Դանիելյանն ասաց, որ Արցախի հետ կապը միշտ եղել է, բայց ինստիտուցիոնալ առումով չկա նման ձևակերպում, որ ՀԽ նախագահն աշխատի Արցախի համար. «Մենք Հայաստանի Հանրային խորհուրդն ենք»:
Կարինե Դանիելյանն ասաց, որ ՀԽ հանձնաժողովներին առընթեր պետք է գոնե կես դրույքով քարտուղար ունենալ, որպեսզի հնարավոր լինի աշխատել. «Այնտեղ հսկայական աշխատանք է արվում, և միայն նախագահի հնարավորությունները սահմանափակում են այդ գործունեությունը: Ես չեմ ուզում որևէ քաղաքական երանգ լինի, բայց արդեն մի քանի ամիս է՝ մտածում էի, որ ճիշտ կլինի դուրս գալ, որովհետև հիմնական աշխատանքի հետ հանձնաժողովի նախագահի աշխատանքը զուգակցելը շատ դժվար է: Բայց եթե դուրս ես գալիս հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ուրեմն դուրս ես գալիս ամբողջ ՀԽ կազմից, որովհետև դու մտել ես Հանրային խորհրդի կազմ՝ որպես հանձնաժողովի նախագահ»:
ՀԽ անդամն ընդգծեց. «Ինձ համար մեծ պատիվ էր և շատ հեշտ էր Վազգեն Մանուկյանի հետ աշխատել: Նա շատ ադեկվատ էր մոտենում մեր բարձրացրած հարցերին, կարողանում էր կազմակերպել հանդիպումներ համապատասխան նախարարությունների, վարչապետի, նախագահի հետ, կարողացել ենք մեր խնդիրները բարձրացնել: Դա շատ էր օգնում: Ճիշտ է՝ բավականին լուրջ կոնֆլիկտներ են առաջացել, օրինակ՝ մի անգամ ամանորյա նիստ պետք է լիներ, այնպես եղավ, որ Սերժ Սարգսյանի հետ միասին մտանք դահլիճ, և Վազգենն ասաց՝ Սերժ Ազատիչ, Կարինեին որտե՞ղ նստեցնեմ, որ չտեսնես, չջղայնանաս, որովհետև անընդհատ վեճերի մեջ եմ եղել: Ես որոշեցի գնալ, ամենածայրին նստել և չխառնվել որևէ հարցի, բայց հետո օգնականը մոտեցավ և ասաց՝ տիկին Դանիելյան, ձեր տեղը նախագահի կողքին է, գնացի, նստեցի ու էլի սկսեցի ականջին տարբեր խնդիրների մասին խոսել: Այդ հնարավորությունն ինչ-որ լուծման ուղիներ տվել է»: