ՊԵԿ քննչական վարչությունը հայտնաբերել է պաշտոնական դիրքի չարաշահման դեպք
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք:
Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։ Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է միջնորդավորված եղանակով և կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։
Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարն, իր պաշտոնական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը : Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝ ավելի քան 9 միլոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: