Բաժիններ՝

Էստոնիայի նախագահը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետի մասին ՆԳ նախարարի բառերի համար

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի վերաբերյալ երկրի ներքին գործերի նախարարի Մարտ Հելմեի բառերի համար: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի դիվանատունը:

«Նախագահները դեկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են անցկացրել Էստոնական կողմի նախաձեռնությամբ: Կալյուլայդը ներողություն է խնդրել Հելմեի հարցազրույցի կապակցությամբ, որը նա տվելէ դեկտեմբերի 15-ին: Ֆինլանդիայի նախագահը, նրա խնդրանքով, ներողությունը փոխանցել է Սաննա Մարինին եւ կառավարությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 15-ին Էստոնիայի ՆԳ նախարար, Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Հելմեն, մեկնաբանելով Մարինի նշանակումը վարչապետի պաշտոնում, հայտարարել է, թե այդ կապակցությամբ ինքը կցանկանար հիշեցնել «Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարարուհի կարող է դառնալ նախարար»:

Ֆինլանդիայում, ընդգծել է Հելմեն, հենց նման իրադրություն է, երբ «վաճառողուհին դարձել է վարչապետ»: Նա նաեւ կասկած է հայտնել, որ Ֆինլանդիայի նոր կառավարությունը կկարողանա պաշտպանել երկրի շահերը: Մարինն ինքը, հակազդելով քննադատությանը, Twitter-ում գրել է, թե հպարտանում է նրանով, որ իր երկրում բնակչության աղքատ խավերը հնարավորություն ունեն կրթություն ստանալ եւ շատ բանի հասնել կյանքում: Ֆինլանդիայի խորհրդարանը դեկտեմբերի 10-ին քվեարկել է կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին փոխնախագահ Սաննա Մարինին վարչապետ նշանակելու օգտին: Մարինին ու նրա կառավարությանը արդեն հաստատել է Ֆինլանդիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս