«Ընտրություններից առաջ իմ տան մոտ ծաղկեպսակ էին դրել, հիմա սա վերաբերում էր իմ քաղաքական գործունեությա՞նը, թե՞ նրան, որ իմ մազերը սև են, աչքերս էլ՝ շեղ». Նաիրա Զոհրաբյանը՝ Մարիա Կարապետյանին
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Աշխատանքային խմբի ստեղծման հետ կապված՝ տարբեր պատգամավորներ վերապահումներ ունեին, նրանց մի մասը նշում էր, որ հարցը պետք է վերաբերի միայն խոցելի խմբերին, մյուսները՝ պնդում՝ բոլորը պետք է ներառված լինեն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքով՝ հանրային պաշտոնյաները չեն մտնում խոցելի խմբի մեջ, նույն կարծիքին էր նաև իշխանական մեկ այլ պատգաամավոր Սարգիս Խանդանյանը: Ըստ նրա՝ պատգամավորներն ունեն պաշտպանության երաշխիքներ: Այս կարծիքի հետ այդքան էլ համաձայն չէին հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Եթե այս նախաձեռնությունը վերաբերելու է հասարակության որոշ շերտերին, այլ ոչ թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանց մասնագիտությունից ու զբաղեցրած պաշտոնից, ապա նման նախաձեռնություն անձամբ չեմ պաշտպանելու, քանի որ այստեղ ես տեսնում են կոնկրետ թիրախ ու խնդիր: Օրենքը չպետք է լինի ընտրովի, քանի որ ատելության խոսքն այսօր Հայաստանում այն աստիճան է քայքայում մեր պետականության հիմքերը, որ նախաձեռնությունը պետք է պաշտպանի բոլորին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ անհայտ անձինք ծաղկեպսակ էին դրել Նաիրա Զոհրաբյանի տան դիմաց, ինչը հաստատեց նաև Նաիրա Զոհրաբյանը:
«Այո, ծաղկեպսակ էին դրել իմ տան մուտքի մոտ, մայրս տեսել և ուշագնաց էր եղել, ծաղկեպսակը դրել էին 2017 թվականին, դա առնչվում էր իմ քաղաքական գործունությանը: Այս դեպքից հետո մայրս լուրջ հիվանդություն ձեռք բերեց, հիմա սա վերաբերում էր իմ քաղաքական գործունեությա՞նը, թե՞ նրան, որ իմ մազերը սև են, աչքերս էլ՝ շեղ: Ես վստահ կարող եմ ասել, որ դա բացառապես վերաբերում էր իմ քաղաքական գործունեությանը»,- հավելեց Ն. Զոհրաբյանը և ընդգծեց, որ այս պահին ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու աշխատանքային խմբի ստեղծմանը՝ վստահ լինելով, որ այն ուղղված չի լինելու կոնկրետ թիրախային խմբերի: