«Մեծն Գեթսբի»-ի ռեժիսորը պատրաստվում է նկարահանել «Վարպետը և Մարգարիտան»
Ռեժիսորը Բազ Լուրմանը ձեռք է բերել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» էկրանավորելու իրավունքը: Այդ մասին հայտնել է Deadline-ը: Այդ գնումն իրականացնելուն նրան օգնել են իրավատերեր Սվետլանա Միգունովա-Դալին («Լեգենդ թիվ 17») եւ Գրեյս Լոն: Նրանք նոր նախագծի պրոդյուսերները կլինեն Լուրմանի եւ Նատալյա Ռոգալի հետ միասին:
«Ահա արդեն քսան տարուց ավելի է՝ ես զարմանալի կապ եմ զգում այդ վեպի հետ, եւ ես վաղուց էի ցանկանում ձեռք բերել այդ արտասովոր գրքի էկրանավորման իրավունքը,-հայտարարել է Լուրմանը:-Ես այնքան հուզված եմ, որ, վերջապես, հնարավորություն ստացա մեկնաբանել այդ ստեղծագործությունը, որն իր ժամանակին իսկական ճեղքում է դարձել»:
Ֆիլմով զբաղվելու է Baz & Co. ընկերությունը:
Լուրմանն այժմ պատրաստվում է Էլվիս Փրեսլիի մասին բայոպիկի նկարահանումներին, որտեղ խաղալու են Օսթին Բաթլերը եւ Թոմ Հենքսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: