«Բաքվի, Սումգայիթի փախստականների խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանի հանցավոր քաղաքականության հետևանքով չդարձավ հայկական կողմի բանակցային հարց». Անուշ Սեդրակյան

Հայկական կողմը պետք է ինտենսիվ աշխատի՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ Բաքուն այսքան տարի ամեն ինչ անում է, որ, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքին» պահի գետտոյացված,  որը կրկնակի քիչ է եղել, քան ջարդերից փախած հայկական համայնքն Ադրբեջանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին ադրբեջանական թեզի տարածմանը միջազգային հարթակներում, մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարածել էր տեղեկություն, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»:

«Եվ դա բացահայտ է, դրանք ճշգրտված տեղեկություններ են, որ կան հատուկ փակ տարածքներ, որտեղ ՀՀ-ից և Ղարաբաղից փախստականներին տարիներ շարունակ սրսկել են ատելություն Հայաստանի, հայերի հանդեպ, որպեսզի հետագայում պահեն ակտիվում՝ իբրև հաղթաթուղթ, և հարմար պահի դուրս  բերեն: Տեսեք՝ տարիներ հետո այս հարցը դարձյալ ակտուալիզացվեց:

Մինչդեռ կան հսկայական թվով հայ փախստականներ, այդ դեպքում ինչո՞ւ իրենց ձայնը լսելի չի: Մենք պետք է հասկանանք՝ հենց որ մենք սկսենք բանեցնել այդ ադրբեջանական փախստականների թեման և ընդունենք այն, անմիջապես թևքից կհայտնվեն տարբեր տիպի խութեր և խոչընդոտներ. առաջին՝ խնդիր կառաջանա ադրբեջանական փախստականների՝ Ղարաբաղ վերադարձի հետ կապված, ինչի մասին ժամանակին նշվել է և միշտ մերժվել: Սա անընդունելի է, քանի որ հասկանում ենք, թե ինչ ներքին ռումբ կարող ենք Ղարաբաղի ներսում հասունացնել:

Չէ՞ որ ադրբեջանցիները չեն գալու խաղաղ գոյակցության: Եվ եվրոպացիների մոտ պետք է նախևառաջ պարզաբանել այն միտքը, որ չեն գալու միավորվելու ֆինլանդացիներն ու շվեդները, այլ գալու են մարդիկ, որոնք ունեն ատելության նախնական քարոզչություն: Եվ, իհարկե, ադրբեջանական համայնքի անվան տակ գալու են մարդիկ, որոնք գործակալներ են, ահաբեկիչներ են պոտենցիալ, բոլորը կարող են թափանցել Ղարաբաղ, քանի որ չկա այն փաստաթղթային բազան, որով կարող են ապացուցել, որ ապրել են Ղարաբաղում:

Չկա մեկը, որը կարող է գալ և համապատասխան փաստաթղթեր ներկայացնել, այդպես չէ: Միանգամից 2-3 թեմայի առաջ ենք կանգնելու. բանակցային գործընթացը կարող է գլխիվայր շրջվել, այդ մարդիկ կարող են ահաբեկչական գործունեություն ծավալել Արցախի տարածքում, և, վերջիվերջո,  նրանց առկայությունը կարող է ազգերի ինքնորոշման սկզբունքին վնասել: Չէ՞ որ մենք խոսում ենք, որ ազգերն ունեն ինքնորոշման սկզբունք, այդ դեպքում ադրբեջանցիները կասեն՝ մենք էլ ունենք ինքնորոշման սկզբունք և ուզում ենք միանալ Ադրբեջանին: Այդ ժամանակ ի՞նչ է լինելու բանակցային գործընթացի տեսլականը, ես չեմ պատկերացնում»,- շեշտեց քաղաքագետը:

Հակադարձմանը, թե այս նրբությունները հայկական կողմը, արտաքին գերատեսչությունը չի՞ հասկանում, ընկալում, տեսնում, Անուշ Սեդրակյանը նշեց՝ եթե անգամ ընկալում են, գերադասում են ամենահեշտ ճանապարհով գնալ, սակայն Արցախի հարցն այն հարցը չէ, որը պիտի տանել հեշտ ճանապարհով:

Իսկ այն, որ ավելի հեշտությամբ խոսում ենք ադրբեջանական թեզի, քան Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Գետաշենի հայ փախստականների մասին, քաղաքագետը պարզաբանեց. «Բաքվի, Սումգայիթի փախստականների խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանի հանցավոր քաղաքականության հետևանքով չդարձավ հայկական կողմի բանակցային հարց»:

Թե որքանով է հնարավոր այս սխալն ուղղել այսօր, Անուշ Սեդրակյանը նշեց, որ հայկական կողմը պետք է պնդի Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Գետաշենի

հարցը, եթե ադրբեջանական կողմն առաջ է տանում, այսպես կոչված,  «ԼՂ ադրբեջանական համայնքի» թեզը:

«Սա պետք է արվի՝ որպես հակակշիռ»,- ընդգծեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս