«Բանակցային գործընթացում Հայաստանը կորցրել է դիրքերը, եթե նախկինում խաղում էր սպիտակներով՝ այսօր խաղում է սևերով». Արմեն Աշոտյան
ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանի խոսքով՝ 1,5 տարի է՝ բարձրաձայնում են, որ Արցախի բանակցային գործընթացը սխալ ուղղությամբ է շարժվում: Նա գործող իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ առայժմ դիտավորություն չի տեսնում, թեև դիտավորության վարկածն էլ այլևս չի բացառում։
«Մարդիկ պարբերաբար փորձում են խմել ողջ ծովը, որպեսզի հասկանան, որ այն աղի է, միչդեռ դա կարելի էր հասկանալ հենց առաջին կումից։ Այսօր մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որտեղ բանակցային գործընթացի կոնտենտը շատ է մոտեցել այն ժառանգությանը, որը մենք թողել ենք իրենց՝ որպես բանակցային փաստաթուղթ, սակայն՝ բազմաթիվ կորուստներով։ Կորուստը միայն ժամանակը չէ, առաջացել են օրակարգային կորուստներ, մասնավորապես՝ Բրատիսլավայի եռակողմ հայտարարությունն այլևս 2018 թվականի պայմանավորվածություններից շեշտում է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման հարցը և չի դիտարկում շփման գծում մոնիտորինգի ներդրման անհրաժեշտությունը»,- այսօր «Ադեկվադ» միաբանության հրավիրած «Ադեկվադ Դիսկուրս» քննարկման ժամանակ՝ նվիրված Արցախի հարցին, ասաց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում Հայաստանը կորցրել է նաև իր դիրքերը, քանի որ, եթե նախկինում Հայաստանը խաղում էր սպիտակներով, ապա այսօր խաղում է սևերով: Ըստ նրա՝ հայկական կողմը կորցրել է նաև իմիջը։
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ իշխանությունների հանցավոր անգործության և մեծամտության արդյունքում օրակարգ է վերադարձել Արցախի «ադրբեջանական համայնք» կոչվածը և, որպես օրինակ, նա մատնանշեց այդ «համայնքի» նամակը՝ ուղղված Եվրախորհրդարանի պատգամավորներին, որտեղ նշում են, որ՝ չնայած հայերն իրենց «կոտորել» են, այդուհանդերձ իրենք ցանկանում են «հայի հետ խաղաղ ապրել»։
Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այդ նամակը բավականին վտանգավոր է, ինչը հուշում է այն մասին, որ օրակարգ է փոխվում համանախագահների և միջազգային ինստիտուտների պարագայում։
«Իշխանություններն ընկել են իրենց «սուպերլեգիտիմության» ծուղակը, այսօրվա իշխանություններն այնքան են հրամցրել իրենց հանրային աջակցության վարկանիշը, որ շատ դժվար կլինի իրենց համար՝ ասել «չէ» այն հարցերում, որոնց դեպքում Սերժ Սարգսյանն ասում էր՝ ոչ։ Այս հարցը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են փոխել օրակարգ»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում