ԱՄՆ Սենատի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական եղելության, ճշմարտության ու ապագայի հանդեպ պատասխանատվության սպասված խիզախ ընտրություն էր ամերիկացի ժողովրդի կողմից. Ս. Ֆարմանյան
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղապանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին: Նա մասնավորապես նշել է՝ մենք շատ լավ գիտենք, թե տեսլական ունեցող որքան մեծ թվով մարդիկ են անուրանալի ջանքեր գործադրել անկյունաքարային այդ ճանաչումը հնարավոր դարձնելու երկար ճանապարհին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղապանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական նշանակության խոշոր իրադարձություն էր։ Այն պատմական եղելության, փաստերի, ճշմարտության ու ապագայի հանդեպ պատասխանատվության երկար սպասված խիզախ ընտրություն էր ամերիկացի ժողովրդի և նրա քաղաքական ընտրյալների կողմից։
Աշխարհաքաղաքական ու այլ բնույթի ինչպիսի համատեքստեր էլ այսօր վերագրվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, այդ ամենն այսրոպեական նշանակություն ունեցող անցողիկ բացատրություններ են. ոչինչ ավելին։ Որևէ համատեքստ ու որևէ բացատրություն չի կարող և վստահաբար չի ստվերելու ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման պատմական անսակարկելի նշանակությունը։
Սենատորներ Մենենդեզն ու Կրուզը, ճանաչման բանաձևին կողմ քվեարկած մյուս բոլոր հարգարժան կոնգրեսականներն իրենց անունն արդեն ոսկե տառերով են գրել հայ և ամերիկացի ժողովուրդների պատմության, ինչպես նաև ժխտողականության դեմ համաշխարհային պայքարի գրանցամատյանում։ Վստահ եմ, որ նրանց ըստ արժանվույն գնահատելու ժամանակը չի ուշանա։
Մենք շատ լավ գիտենք, թե տեսլական ունեցող որքան մեծ թվով մարդիկ են անուրանալի ջանքեր գործադրել անկյունաքարային այդ ճանաչումը հնարավոր դարձնելու երկար ճանապարհին։ Մենք նրանց գիտենք անուն առ անուն և նրանց բոլորին շնորհակալություն ենք հայտնելու, կրկին, անուն առ անուն։
Անուն առ անուն գիտենք նաև մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, չնայած իրենց գործադրած հսկայական ու որոշիչ ջանքերին, երբեք չեն գործել բեմի վրա։ Շատ շուտով նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպելու, նրանց հետ առանձին առանձին ողջագուրվելու և նրանցից յուրաքանչյուրին մեր հավաքական զգացմունքներն ու երախտագիտությունը փոխանցելու առիթը կլինի»։