Բաժիններ՝

Պետք է 1-2 տարով խեցգետնի, սիգի որսն արգելվի. Բարդուղ Գաբրիելյան

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ սիգի, խեցգետնի պաշարները նվազել են:

«Այս տարի, ի տարբերություն նախորդների, սիգի պաշարների մի փոքր անկում ունենք: Ոչ կառավարելի որսը շարունակվում է: Այս տարի ևս ոչ մի պահպանություն գոյություն չունի, ամենուր վաճառվում են սիգի և՛ բազմացող առանձնյակները, և՛ ձկնկիթը: Սա անընդունելի է ու, եթե այդպես շարունակվի, կվերադառնանք այն տարիներին, երբ լրիվ խզված պաշար ունեինք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ գոնե բազմացման շրջանում պետք է հսկողությունը խստացվի և թույլ տրվի, որ ձուկը բազմանա:

«Շրջակա միջավայրի նախարարությունը մեզ դիմել էր հարցով, թե երբ է ձվադրման շրջանը՝ մենք պատասխանեցինք, որ դա դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածն է: Պետք է նախաձվադրային վտառը պահպանենք, իսկ նախարարությունը գնում է քայլին, որ բուն ձվադրման հատվածը պահպանի, ու խստացնեն հսկողությունը դեկտեմբերի 20-ից: Վախենամ՝ մինչ դա ձուկ չմնա: Հիմա անխնա որս է կատարվում»,-ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:

Բարդուղ Գաբրիելյանն ընդգծեց, որ արդյունագործական մեծ նշանակություն ունի խեցգետինը, և եթե անխնա որսը շարունակվի, ապա կունենանք այն պատկերը, ինչ եղավ մեր արժեքավոր մյուս ձկնատեսակների դեպքում:

«9սմ-ից պակաս իրավունք չկա որսալ, բայց բոլոր չափի խեցգետինները որսում են, նույնիսկ տեղեկություն ունեմ, որ աղում են, անգամ ափին օգտագործում են խոզերին, այլ կենդանիներին կերակրելու համար:

Կառավարությանը պետք է առաջարկենք, որ այս տարի արգելք դրվի խեցգետնի որսի վրա: Բացի այն, որ արդյունագործական տեսակ է, կոմպենսացնում է այն պակասը, որն ունենք ձկների առումով: Ունի նաև էկոլոգիական նշանակություն. Ամենակեր է, հիմնականում սնվում է հատակային օրգանական նյութով՝ մաքրելով ջուրը: Դրանով առաջ սնվում էր կողակը, որը, կարելի է ասել, այսօր վերացել է. բազմացման համար մայրական կազմ չենք կարողանում գտնել, որ արհեստականորեն բազմացնի, և պոպուլյացիան լճում վերականգնվի: Գերորսից բացի, խեցգետնի պակասի երկրորդ պատճառը հիվանդությունն է, որը գալիս է ափամերձ գոտիներից: Շատ մարդիկ ոչ թե ափամերձ գոտիներում բազմացնում են խեցգետին, այլ ուղղակի պահում են ու պահանջարկի ժամանակ վաճառում: Սակայն պարզ է, եթե չեն ախտորոշում, հիվանդություններն արագ են զարգանում, որից հետո տարածվում են լճում, ու անկում է տեղի ունենում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը՝ վստահեցնելով, որ Կառավարությանն առաջարկելու են, որպեսզի 2020թ.արգելեն խեցգետնի որսը, ինչպես նաև խիստ ուշադրություն դարձնեն ափամերձ գոտում գործող ձեռնարկություններին, որոնք խեցգետին են պահում, ինչն էլ հիվանդությունների տարածման աղբյուր է դառնում:

168.am-ի հարցին, թե ոմանց կարծիքով՝ եթե 3-5 տարով որսն արգելվի, արդյո՞ք դա չի նպաստի խնդրի լուծմանը, Բարդուղ Գաբրիելյանը պատասխանեց.

«Անցած տարի մոտ 740 տոննա կազմել է սիգի պաշարը: Ուրիշ արդյունագործական տեսակ չունենք, եղել է վերջին տարիներին կարասը՝ 100 տոննա, որը դիտում ենք ոչ ցանկալի տեսակ և առաջարկում ենք դրա անսահմանափակ որս, թեկուզ նրա պաշարներն էլ են ընկել: Խեցգետնի դեպքում 10 անգամ նվազում կա:

Իսկ ընդհանրապես արգելելը շատ հրատապ հարց է: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներից սկսած՝ և՛ կառավարությունները, և՛ նախարարություններն անպայման գիտնականներին հրավիրում էին, որ այդ հարցերը միասին քննարկեն:

Հիմա դա չկա: Լավագույն դեպքում թերի նամակ կարող են ուղարկել, որին մենք պատասխանում ենք»,- ասաց գիտնականը՝ հավելելով, որ նախկինում նախարարությանը կից արդյունագործական խորհուրդ էր գործում, որտեղ մասնագետների մասնակցությամբ քննարկումներ էին տեղի ունենում: Մինչդեռ, ըստ Բարդուղ Գաբրիելյանի՝ այսօր հարցերը լուծվում են խորհրդարանում կամ նախարարությունում և առանց մասնագետների մասնակցության:

«Այդպես չի կարելի, այդ մոտեցումը սխալ է,- դժգոհում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը, շարունակելով միտքը,- Որսն արգելելը կախված է ընթացիկ տարվա ուսումնասիրություններից: Հիմիկվանից որոշ տեսակներ կարելի է 10 տարով արգելել: Խոսքը կողակի մասին է. այն դանդաղ աճող ձուկ է, իսկ սիգի, խեցգետնի պաշարները դեռ կան, չենք ուզում ասել, որ 3-5 տարով արգելեն, առաջարկում ենք 1-2 տարով արգելել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս