Վարդան Սրմաքեշին ուզում են տանեն-դարձնեն բարերար, որ մնացածը տակից դուրս գան, բայց սա բիզնես է՝ բազմակի խախտումներով. Տիգրան Հեքեքյան

Արամի 23-ի անորոշ ճակատագիրը

Արամի 23 շենքի հարցը շարունակում է մնալ չլուծված, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տարբեր խմբեր շարունակում են փորձեր անել տարբեր վայրերում։ Դա գիտե՞ք՝ ինչի է նման՝ երբ ընտանիքի մայրն ապրում է մի տեղ, երեխաները՝ մեկ այլ տեղ… սա բարոյական, հոգեբանական և կազմակերպչական առումով լուրջ խնդիրներ է առաջացնում։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Մաեստրոյի խոսքով՝ թեև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել է, որ քաղաքապետարանը փորձել է շինթույլտվություն տրամադրել իտալացի մասնագետներին, սակայն այդ գործընթացն այնքան է ձգձգվել, որ իտալացիներն այլևս չեն կարողացել այդ նախագիծը կյանքի կոչել։

«Ձգձգողը քաղաքապետարանն էր։ Ձգեցին երկու ամիս, նամակ գրեցին, մինչև հասավ իտալացիների ներկայացուցչին, նա էլ ուշ տեսավ, և այլն և այլն։ Մայիսի 28-ին մեզ քաղաքապետարանից թույլտվության թուղթը հասավ՝ թվագրված մայիսի 6-ի ամսաթվով»,- ասաց Հեքեքյանը՝ ընդգծելով, որ այդ ոչ կանոնակարգված աշխատանքի հետևանքով իտալացիների նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ իտալացիների նախագծի տապալումից հետո փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն իտալացիների նախագիծն անվանել էր հիմար նախագիծ։ Ավելի ուշ պարզվել էր, սակայն, որ պետությունը չի ցանկանում նոր նախագիծ մշակել և ցանկանում է օգտվել իտալացիների նախագծից.

«Մեր պետությունը մտածում է Վարդան Սրմաքեշի գումարի մասին, մտածում է՝ նոր նախագիծ անելը թանկ է, հանկարծ ծախս չանի»,- ասաց մաեստրոն՝ նշելով, որ, թեև նախարարությունից էլ ասել են, որ իրենք էլ նոր նախագիծ կներկայացնեն, սակայն ասելուց անցել է արդեն 55 օր, բայց որևէ պատասխան դեռ չկա։

«Անտեր վիճակ է»,- ասաց Հեքեքյանը՝ ընդգծելով, որ Արամի 23-ի հարցով նախկին հանցագործներին պետք է պատասխանատվության կանչեին, ներկաներից ոմանց էլ պաշտոններից հեռացնեին։

 Վարդան Սրմաքեշ բիզնես-պրոյեկտ

«Արամի 23-ի հարցում մեկը մեկին փող է տվել, օրենքներ են խախտել, և հուսամ՝ քրեական գործով կբացահայտվի, թե ովքեր են մեղավորները, և կբացահայտվեն հիմնական գաղափարախոսները,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Հեքեքյանը՝ հավելելով,- Վաղուց «Հին Երևանը» դարձել է «Սրմաքեշ բիզնես-պրոյեկտ»: Հիմա սկսել է մի PR գործընթաց, որով ուզում են Սրմաքեշին տանեն-սարքեն բարերար, որպեսզի մնացածը տակից դուրս գան։ Սա բիզնես է՝ բազմակի խախտումներով. երկու հարկի փոխարեն՝ երեքն են կառուցել՝ խախտելով Կառավարության որոշումը։ Հիմա մի քանի հոգի նստած պետք է լինեին։ Ես կարծում եմ, որ նախկին իշխանությունները Սրմաքեշից ունեին օգուտ, բայց ներկաներն ի՞նչ ունեն, չեմ հասկանում: Ինձ պատմում են, որ Սրմաքեշը հսկայական գումար է տվել պետությանը կամ իշխանությանը՝ ինչի՞, ի՞նչ հարցերի դիմաց. ինչ-որ շուկայական հարաբերություննե՞ր է ունեցել։ Գիտե՛ք, այս ինֆորմացիան շատ փակ է, չգիտեմ, գուցե օգնել են, իսկ ներկաները որևէ բան չեն ասում, որովհետև գուցե կա մեկը, որը, կարող է, ներդրումներ կամ գումար է բերել Հայաստան»։

700 հազար դոլարանոց ամանորյա տոն՝ Երևանի համար

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադրի համոզմամբ՝ եթե ամանորյա տոների միջոցառման համար ծախսվում է հարկատուների վճարած գումարը, ապա այստեղ առաջանում է հետևյալ հարցը.

«Կներե՛ք, իսկ ինձ հարցրե՞լ եք՝ ես ցանկանում եմ ժամերով նայել վերև և տեսնել, թե ո՞նց է վերևում պայթում հրավառությունը, ինձ պե՞տք էր, որ տոնածառը փոխվեր և լույսերի տոնածառ դրվեր, որը, գեղագիտական առումով, դուր չի գալիս ինձ։ Ի՞նչ կարիք կա… եկեք մտածենք, թե ո՞նց ենք մեր ծակուծուկերը փակում»։

Ես այդպիսի մարդկանց իմ կողքին չէի պահի, եթե, իհարկե, կարողանայի ազատվել…

«Այս երգչախումբը կարող է այլևս չլինել. այս ահազանգը վաղուց ենք հնչեցրել ու, չնայած ամեն ինչին, ես լավատես եմ և հավատում եմ»:

«Հավատում եմ, որ վարչապետն ուզում է, ուղղակի հարցն այն է՝ ո՞ւմ միջոցով է դա անում։ Մի մարդով երկիր չես փոխի։ Ես հասկանում եմ, որովհետև միայնակ չես կարող անել, բայց մի հատ պետք է նայել և տեսնել, թե քեզ ո՞վ է շրջապատում։ Գիտենք՝ վարորդը, խոհարարը, օգնականները և խորհրդականների ստվար խումբը միշտ աշխատում է ամենալավն ասել։ Մի անգամ այնքան էի զայրացել, կուտակվել էր ամեն ինչ, գնում էի, որ նախագահներից մեկին ասեմ այդ վատ բանը։ Ով ինձ տեսավ, ասաց, որ նախագահին վատ բան ասել չի կարելի։ Ես գնացի ու այդ նախագահին ասացի այդ վատ բանը. այդ օրվանից մենք այդ նախագահի հետ որևէ շփում չունենք»,- ասաց Հեքեքյանը։

Հարցին՝ վատ բան կգնա և կասի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանին, մաեստրոն պատասխանեց.

«Նախ՝ մի անգամ արդեն հանդիպել ենք, և ես մի կարճ ինֆորմացիա եմ տվել իրեն։ Նեղվեց։ Դե, ես էլ լինեի՝ կնեղվեի… Գիտեք՝ ես այդպիսի մարդկանց իմ կողքին չէի պահի, եթե, իհարկե, կարողանայի ազատվել, դա էլ կա»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս