Արդյո՞ք Զուրաբյանը պետք է մեղադրի, թե՞ դա աշխատանքային ռեժիմում Վազգեն Մանուկյանն ու վարչապետը պետք է որոշեին. Լարիսա Ալավերդյան

«Վազգեն Մանուկյանը, որը այն ժամանակ Հանրային խորհրդի նախագահն էր, անտեսեց վարչապետի տված հանձնարարականը»,- օրերս 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցում խաղաղության դիսկուրսի շրջանակում ՀՀ իշխանությունների քայլերին:

Լևոն Զուրաբյանը պարզաբանել էր, որ խաղաղության մասին խոսել՝ նշանակում է՝ լինել անկեղծ, բաց վերլուծելով վտանգները: «Անո՞ւմ է դա իշխանությունը, թե՞ ոչ, առնվազն մեկ առաջընթաց երևում է, գոնե իրենք չեն ասում՝ Ղարաբաղի հարցը լուծված է, և վերջ, բայց արդյո՞ք անկեղծ, լայնածավալ դիսկուսիան առաջ գնում է, ես կարող եմ ասել, որ չի գնում: Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը մեկ փորձ արեց՝ Հանրային խորհրդին հանձնարարեց որ նրանք նախապատրաստեն ԼՂ շուրջ բանավեճ, ինչը Վազգեն Մանուկյանը, որը այն ժամանակ ՀԽ նախագահն էր, հրաժարվեց անել, անտեսեց պարզապես վարչապետի տված հանձնարարականը: Բայց գոնե նման հանձնարարություններ կամ փորձեր եղել են»,- նման միտք էր արտահայտել Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ նոյեմբերի 7-ի նիստին Հանրային խորհուրդը հրաժարվեց քննարկել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Պատճառաբանությունն այն էր, թե հայտնի չէ՝ նոր իշխանություններն ինչ տարբերակի շուրջ են բանակցություններ իրականացնում։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը, որը մասնակցել է ՀՀ վարչապետի և Հանրային խորհրդի բոլոր հանդիպումներին, ասաց, որ այդ հարցը ՀԽ-ում աշխատանքային ռեժիմում քննարկվել է, և վարչապետի այդ առաջարկի վերաբերյալ Հանրային խորհուրդը համապատասխան եզրահանգման է եկել: 168.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց նաև թեմայի նախապատմությունը:

«Տեղի էր ունեցել Հանրային խորհրդի անդամների առաջին հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, որի ընթացքում ՀԽ անդամներից ոմանք արել են առաջարկություններ, հնչեցրել իրենց անհանգստացնող հարցերը: Իսկ Արցախի հարցով ես եմ խոսել: Սակայն պետք է ասեմ, որ ելույթ ունեցողները՝ թե ինձնից առաջ, և թե ինձնից հետո, բավականին հետաքրքիր և վերին աստիճանի արդիական թեմաներ են հնչեցրել, բայց վարչապետը կանգ առավ միայն Արցախի հարցի վրա: Իսկ ես պարզապես իմ խոսքը սկսել եմ նրանով, որ չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի «պատասխան», և նշել եմ, որ այս առումով Հայաստանը, ըստ երևույթին, ունի մեկ խնդիր՝ պահպանել ու պաշտպանել Արցախի պատասխանը: Իմ խոսքում հստակեցրեցի երկու դրվագ, ՀՀ վարչապետը դեռ անցած տարվա ամռանն էր ասել, որ Արցախի հիմնահարցն ամբողջովին աղավաղված է ներկայացված, ուստի ոչ ճիշտ է ընկալվում միջազգային հանրության շրջանում, և հենց ինքն էր նաև ասել, որ անհրաժեշտ է 2019 թվականը դարձնել Արցախի հիմնահարցի ճիշտ ներկայացման տարի աշխարհում:

Ինքն իր պատասխան խոսքում ասաց, որ, եթե չկա նման հարց, ինչո՞ւ ենք մենք գնում բանակցությունների, ասաց, որ երկրում, հասարակության մեջ չկա կոնսենսուս Արցախի հարցի վերաբերյալ, հաջորդ օրը գնացել էր համալսարաններից մեկը և այնտեղ ավելի բացել էր նախօրեին իր ասածները՝ նշելով, որ հասարակության մեջ չկա կոնսենսուս, պետք է լինի կոնսենսուս: Ես էլ այդ ժամանակ արձագանքեցի հարցազրույցի միջոցով, որ ժողովրդի շրջանում կոնսենսուսը կա, ինչի ապացույցն է 1991-1994 թվականների պատերազմը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, չկա կոնսենսուս քաղաքական կուսակցությունների միջև, և խնդիրը կուսակցություններինն է, որ նրանք հանգեն կոնսենսուսի ժողովրդի պատասխանի շուրջ, թե ինչպես են իրենք տեսնում Արցախի հարցի լուծումը: Նա ասում էր, որ՝ ահա խորհրդում են Կոմանդոսը, առաջին վարչապետը, ՄԻ առաջին պաշտպանը, կքննարկեք և կտաք պատասխանը»,- վարչապետի հետ հանդիպման մասին մանրամասներ փոխանցեց Ալավերդյանը:

Ապա շարունակեց միտքը՝ փաստելով, որ հանդիպումից հետո անդրադարձել են այդ առաջարկին: «Այնպես չէ, որ մոռացության ենք մատնել: Հանրային խորհրդում դրանից հետո մտքերի փոխանակում է տեղի ունեցել, եկել ենք այն եզրակացության, որն արդեն հետո հնչեցրեց Վազգեն Մանուկյանը և ասաց, թե ինչ քննարկենք մենք: Եզրակացությունն այն էր, որ, եթե Կառավարությունը գոնե մեկ մոտեցում ներկայացնի, մենք կկարողանանք դրա շուրջ խորհրդատվական բնույթի եզրակացություն տալ: Ի վերջո, Հանրային խորհրդի մասին օրենքում հենց այդպիսի գործառույթ է վերագրված խորհրդին:

Թե դրանից հետո ինչպես է Վազգեն Մանուկյանը դա հասցրել վարչապետին, ես տեղյակ չեմ: Արդյո՞ք եղել է պնդում, որ մաքուր թղթից մենք առաջարկություններ ներկայացնենք, ես տեղյակ չեմ այդ մասին: Ամեն դեպքում հարցն աշխատանքային ռեժիմի մեջ քննարկվել է, ի դեպ, ՀԽ ոչ բոլոր անդամներն են դրան մասնակցել, բայց քննարկումներ եղել են, կարծում եմ՝ հետո պետք է զրույց կամ շփում լիներ Վազգեն Մանուկյանի և վարչապետի միջև: Որքան հասկացա հետո և ինչպես Վազգեն Մանուկյանն էր ասել, իր զանգերին չեն պատասխանել, բայց այդ հարցերը ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց ՀԽ անդամ Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նման մեղադրանք է ուղղվում՝ արդարացնելու ՀԽ-ի դեմ և ՀԽ-ի շուրջ ծավալվող՝ ամբողջովին ստի վրա հիմնված, արհեստածին և վիրավորանքներով համեմված գործընթացները: «Կներեք, արդյո՞ք Զուրաբյանը պետք է մեղադրի, թե՞ այդ հարցը պետք է աշխատանքային ռեժիմում Վազգեն Մանուկյանն ու վարչապետը որոշեին: Եթե մի բան է ասվում, դրան պետք է հետևեն ամոթալի հետապնդումներ, հոգեբանական ճնշումներ կամ ամբողջովին ստի վրա կառուցված մեղադրանքնե՞ր: Ես դա չեմ հասկանում, թեև յուրաքանչյուրն ազատ է կարծիք հնչեցնելու, բայց որպես մեղադրանք՝ դա այնքան էլ չեմ ընդունում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս