Անկարան հակազդել է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կոնգրեսի երկու պալատների եւ հակաթուրքական շրջանակների կողմից պաշտպանություն գտած նախաձեռնությունները մեր ազգային անվտանգությանը վերաբերող ինքնիշխան որոշումները չհարգելու հերթական դրսեւորումն են,-ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:- Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ գործել ողջամտորեն եւ կառուցողական դիրք բռնել, որպեսզի վնաս չհասցվի մեր ընդհանուր նպատակներին, որոնք վերջին շաբաթներին վերահաստատՖէվել են ամենաբարձր մակարդակով»: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեն դեկտեմբերի 11-ին հավանություն է տվել Թուրքիայի եւ նրա ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների փաթեթին՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության անցկացման եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: Այժմ փաստաթուղթը ներկայացվելու է Սենատի ամբողջ կազմի քննարկմանը, որտեղ դրանում կարող են ուղղումներ մտցվել: Համանման փաստաթուղթը հոկտեմբերի վերջին հավանության է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:
Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ կիրառել այն անձանց դեմ, որոնք մեղսակից են ռազմական գործողությանը Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ: Բացի այդ, նշվում է փաստաթղթում, ամերիկյան վարչակազմը CAATSA օրենքի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին») շրջանակում պարտավոր է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Թուրքիան կարող է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել է Sabah թերթը: Ինչպես հայտարարել է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը: