Անատամ խորհրդարանն ու պառլամենտարիզմի գաղջը

Արդի աշխարհում առավել շատ տարածված կառավարման ձևը հանրապետությունն է՝ իր երեք տարատեսակներով` պառլամենտական, նախագահական և կիսապառլամենտական (խառը) տեսակներով: Այս դասակարգման հիմքում ընկած է օրենսդիր և գործադիր մարմինների միջև հարաբերությունների կառուցվածքը:

Ի տարբերություն այս մարմինների` դատական իշխանության գործառույթներն անփոփոխ են. այն ապահովում է իրավականորեն ամրագրված քաղաքական կարգը: Քանի որ 2015-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ՀՀ-ում հաստատվեց խորհրդարանական կառավարման համակարգը, ուստի հիշյալ երեք տարբերակների մասին խոսելիս մեզ համար առաջնայինը հենց այդ կառավարման մոդելն է, որի ժամանակ պետական իշխանության ղեկավար մարմինը պառլամենտն է: Ավելին՝ կառավարությունը ձևավորվում է պառլամենտի հիման վրա և նրա հանդեպ պատասխանատվություն է կրում: Ժամանակակից քաղաքականության մեջ առկա են պառլամենտարիզմի ինստիտուտի կազմակերպման շատ տարբեր ձևեր, իսկ այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում 2018-ի իշխանափոխությունից հետո, դուրս է բոլոր չափորոշիչներից։

Պառլամենտի առաջնային առանձնահատկություններից մեկը խորհրդարանում մեծ թվով կուսակցությունների ներգրավածությունն է, որի արդյունքում էլ պետք է կայանար բուն քաղաքական կառավարումն ու քաղաքական ողջ դաշտի բուն ներկապնակը։ Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք ՀՀ ԱԺ-ում՝ հիշեցնում է նովգորոդյան հայտնի վեչեները, որտեղ մարդիկ խոսում էին գոռալով, իսկ ով ավելի համարձակ էր ու բարձր էր գոռում՝ հենց նրա պնդումն էլ արժանանում էր մեծամասնության դրական վերաբերմունքին։

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, ով ուներ բավականին պոպուլյարություն և գերբարձր վարկանիշ, կարողացավ իր համար նախընտրելի տեսք ունեցող խորհրդարան ձևավորել՝ իր քիմքին հաճելի ու գերադասելի ընդդիմությամբ։ Այն, ինչ տեսնում ենք ԱԺ-ում՝ ոչ մի աղերս չունի դեմոկրատական պետության, առավել ևս՝ պառլամենտական հանրապետության խորհրդարանի հետ, քանի որ ՀՀ թիվ մեկ քաղաքական մարմինը գործում է անատամ, չունի ոչ մի բովանդակային և կառուցողական գործելոճ։

Ակնհայտ է, որ իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել՝ անկախ պատգամավորական մանդատների քանակից: Եթե փորձենք հետհայացք գցել մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա պարզ է, որ ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է, քանի որ ընտրողների 51 տոկոսը չէր մասնակցում ընտրություններին: Տեղին է ընդգծել նաև, որ ընտրություններն անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում և աննախադեպ հապշտապությամբ, ինչի արդյունքում՝ կենսունակ քաղաքական դաշտ չձևավորվեց, և հենց դրանով պայմանավորված՝ ներկայումս բուն քաղաքական դիսկուրսն ընթանում է խորհրդարանական պատերից դուրս։ Փաստն այն է, որ մենք այսօր ունենք դե ֆակտո ամբողջովին գաղափարազուրկ և ամորֆ ԱԺ, որը հանդիսանում է կառավարության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի կցորդը, և կազմակերպված դակում է յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, որը հաճելի է Փաշինյանի քաղաքական տրամաբանությանը։ Այսինքն՝ այսօր մենք ունենք մեկ անձի կառավարում, որը, այսպես ասած՝ իրենով է արել և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունները։ Փաստ է՝ այսօր ՀՀ քաղաքական հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ և ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը։ Խորհրդարանի երկրորդ պլան մղվելու հանգամանքը վկայում է այն մասին, թե ինչքան ամուլ և ապիկար է ԱԺ քաղաքական օրակարգը, ինչն իրականում ընդհանրապես գոյություն չունի։

Յոթերորդ գումարման ԱԺ-ի որակն էականորեն ցածր է և ոչ մի քաղաքական հատկանիշով աչքի չի ընկնում (այստեղ որևէ անձնավորված և թիրախավորված ակնարկներ չկան): Ամեն օր տեսնում ենք նույն դատարկ դահլիճը, քաղաքական գաղջ ու բուտաֆորիկ դեմքերը:

Կարճ ձևակերպմամբ` պառլամենտում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր են քննարկվում, ավելի կոնկրետ՝ ընտրում են արհեստական թիրախներ և, ըստ այդմ, ողջ իշխանական թիմով գրոհում այդ ուղղությամբ։

Ակնհայտ է, որ այսօր քաղաքական պրոցեսներն ընթանում են իշխանական կուլիսներում, այն է՝լ առավելագույն նեղ շրջանակների գիտությամբ: Պառլամենտական քրոնիկոնին հետհայացք գցելով՝ տեսնում ենք, որ գործող ԱԺ-ն ՀՀ բոլոր խորհրդարաններից ամենաանմեղսունակն է ու տկարը։ Ներկայիս խորհրդարանի կազմում ընդգրկված են ամենամեծ թվով նորեկ պատգամավորները: Եթե համեմատենք Գերագույն խորհրդի պատգամավորների հետ, ապա այնտեղ ավելի քան մեկ երրորդը ներկայացնում էր մտավորականությունը, այդ թվում` գիտնականներ, ուսուցիչներ և լրագրողներ, որոնք ունեին նաև կենսափորձ:

Ի դեպ՝ մտավորականության մասնաբաժինը հետագա մյուս խորհրդարաններում շարունակաբար նվազեց: ԳԽ-ի պատգամավորների մյուս մեծ խումբը բաղկացած էր միջին օղակի չինովնիկներից, ովքեր նախկինում, ընդհանուր առմամբ, չեն ունեցել փորձառություն ներքին քաղաքականության ոլորտում: Նման ներկայացուցիչների քանակը զգալիորեն նվազեց հետագա գումարումների ԱԺ-ներում․ ներկայիս պառլամենտի անփորձությունն ու դիլետանտությունը նախկին ոչ մի ԱԺ կազմում չի գրանցվել:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս