«Կարծում եմ՝ ապագայում արտագաղթող ավելի շատ հայ բժիշկներ, մասնագետներ ենք ունենալու». Բեժանյան
Ժողովրդագրության վրա ազդող երկու գործոն կա՝ բնակչության բնական աճ (ծնելիություն-մահացություն) և միգրացիոն գործանթացներ (արտագաղթ-ներգաղթ): Այս մասին 168.am-ի զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, շահերի պաշտպան Տաթևիկ Բեժանյանը՝ ՀՀ-ի դեպքում ուշադրություն հրավիրելով, մասնավորապես, միգրացիոն գործոնների վրա:
«Միգրացիոն գործոնների վրա էականորեն ազդեցություն ունի նպատակակետ երկրների քաղաքականությունը: Մեր միգրանտների 92-93 տոկոսը՝ ընդհանրապես, և աշխատանքային միգրանտների 96 տոկոսը՝ մասնավորապես, գնում է Ռուսաստան, ուստի այդ երկրի միգրացիոն քաղաքականության ցանկացած փոփոխություն՝ խստացում, թե մեղմում կամ բարելավում, էականորեն ազդում է մեր միգրացիոն հոսքերի վրա: Նույնը կարող եմ ասել ԵՄ երկրների մասին»,- նշեց Բեժանյանը:
Որպես ասվածի ապացույց՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-6-ը Մոսկվայում 30 երկրի 200 մասնակիցների թվում մասնակցել է «Եվրասիայի միգրացիոն կամուրջներ» թեմայով կոնֆերանսին: Մասնակիցները հիմնականում գիտական հանրույթից են եղել, ներկայացվել են լրջագույն հետազոտություններ: Իսկ զարգացած երկրները, ըստ Բեժանյանի, հենց այս տեսակ հետազոտությունների վրա են կառուցում իրենց քաղաքականությունը, ինչը չի կարելի ասել ՀՀ-ի պարագայում:
«Քննարկվում էին այդ երկրների քաղաքականությունները, և ես արդեն իսկ տեսա այն վտանգները, որոնց բախվելու ենք. և՛ Ռուսաստանը, և՛ եվրոպական երկրներն ունեն ժողովրդագրական լուրջ խնդիրներ, որոնք լուծելու համար ոչ միայն իրենց բնակչության բնական աճն են փորձում խթանել, այլև էական լուրջ միգրացիոն քաղաքականություն են վարում: Այստեղ մեր դեպքում նշանակալի է Ռուսաստանի քաղաքականությունը, քանի որ նրանց համար կարևոր են ԱՊՀ երկրները, որովհետև Չինաստանից հոսքը շատ մեծ է, ինչը կանգնեցնելու խնդիր ունեն իրենք այսօր: Փաստորեն, որքան հասկացա մոսկովյան կոնֆերանսի ժամանակ՝ խստացումներն այս ուղղությամբ են լինելու, փոխարենը՝ բարենպաստ քաղաքականություն է վարվելու ԱՊՀ երկրներից միգրանտների ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանից: Եթե Ռուսաստանը նման քաղաքականություն որոշի տանել, Հայաստանը ոչինչ չի կարող անել: Բայց մենք պետք է փորձենք ՀՀ-ի ներսում ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր քաղաքացին չցանկանա մեկնել, հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր երկիր իր խնդիրը լուծելու համար պետք է իր ռազմավարությունն ու քաղաքականությունն առաջ տանի»,- մանրամասնեց «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Հարցին՝ ՀՀ-ից Ռուսաստան մեծամասամբ ո՞ր խավի ներկայացուցիչներն են մեկնում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետնե՞րը, թե՞ միջին, Տաթևիկ Բեժանյանը պատասխանեց, որ դեպի Ռուսաստան մեր ամբողջ միգրացիոն հոսքերի մեջ բարձրագույն կրթություն ունեցողներն առավելագույնը 20 տոկոս են կազմում:
«Հավատացեք, որ այդ 20 տոկոսը չի գնում բարձր որակավորմամբ աշխատանք կատարելու կամ իր մասնագիտությամբ աշխատելու: Նրանցից առնվազն կեսը, եթե ոչ՝ ավելին, գնում են ոչ մասնագիտական աշխատանք կատարելու՝ ծառայությունների, շինարարության, փոխադրումների ոլորտներ: Այսինքն՝ մենք կորցրեցինք բարձրագույն կրթությամբ քաղաքացիների, որոնք մեր երկրում չէին աշխատում իրենց մասնագիտությամբ: Սա նշանակում է՝ պետությունը, ծնողը բավականին մեծ գումար ներդրեց, քաղաքացին ստացավ բարձրագույն կրթություն, բայց գնաց աշխատելու այլ երկրում և մի ոլորտում, որը կարող էր անել այս ծախսերի չկատարման դեպքում»,- շեշտեց Տաթևիկ Բեժանյանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ՌԴ-ում քիչ չեն նաև հայ կամ ՀՀ-ից գնացած բժիշկները, մեր զրուցակիցը վստահեցրեց՝ այսօր ՌԴ-ում բուժաշխատողների շրջանում մեծ թիվ են կազմում ղրղըզները:
«Իհարկե, որոշակի հոսք կա ՀՀ-ից, ինչը բնական է՝ համեմատեք բժշկի աշխատավարձը ՀՀ-ում և ՌԴ-ում: Բացի այս, նրանք լուրջ ծրագրեր են իրականացնում բժշկական կրթություն ունեցողների համար, առնվազն խրախուսում են: Ի վերջո, ԵԱՏՄ տարածքում դիպլոմների ճանաչման խնդիր չկա: Այս բոլոր պայմանները նպաստում են ՀՀ-ից բժիշկների հոսքին դեպի Ռուսաստան: Կարծում եմ՝ ապագայում արտագաղթող ավելի շատ հայ բժիշկներ, մասնագետներ ենք ունենալու: Եթե այսօր ՀՀ-ում չպատվիրակեցին, թե ինչ մասնագետների կարիք ունենք, և կրթություն-տնտեսություն զուգահեռ չգնացին, մենք անընդհատ այս տեսակ կորուստներ ունենալու ենք»,- վստահեցրեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Բեժանյանը բնական է համարում հնդիկների մեծ հոսքը դեպի Հայաստան՝ նկատելով, որ նրանք էժան աշխատուժ են և միշտ «լցնելու» են այն տեղը, որը դատարկ է մնացել: Ըստ այդմ՝ գործատուներն ամեն կերպ փորձելու են արդարացնել օտար էժան աշխատուժի հոսքը և դրան նպաստելը, եթե անգամ խստացումների անհրաժեշտություն լինի՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
«Եթե ՀՀ քաղաքացին չի գնում աշխատելու, այդ մասը մնում է դատարկ, ինչը, բնականաբար, պիտի լրացվի օտար քաղաքացու միջոցով: Ընդհանուր առմամբ, էժան աշխատուժ ասվածը հարաբերական հասկացություն է. ՀՀ քաղաքացին, օրինակ, 5000 դրամով հրաժարվում է ինչ-որ աշխատանք կատարել մեր երկրում և այդ նույն գործը գնում և ՌԴ-ում է անում 10.000-ով: Այս դեպքում ՀՀ քաղաքացին ՌԴ-ում համարվում է էժան աշխատուժ, քանի որ այդ գումարով իրենց քաղաքացին այդ գործը չի անում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին իր երկրում էժան աշխատուժ չէ, բայց ՌԴ-ում համարվում է էժան աշխատուժ, ՀՀ-ում էլ Հնդկաստանի քաղաքացիներն են էժան աշխատուժ, որովհետև այն գործը, որը մեր քաղաքացին 5000-ով չի անում, նրանք 2500-ով են համաձայնում անել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ դեկտեմբերի 7-8-ը Ծաղկաձորում Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արտագնա աշխատանքային հանդիպում էր կազմակերպել ոլորտի մասնագետների և շահագրգիռ բոլոր կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ: