ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի փոխանցմամբ՝ վերջին 7 տարիների ընթացքում նախարարությունն  իրենց տարեկան 800.000 դրամ գումար է տրամադրել: Ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշման մեջ, սակայն, խմբագիրը քաղաքական ենթատեքստ չի տեսնում, նրա բնորոշմամբ՝ ճաշակի խնդիր կա:

«Ինչ-որ չափանիշեր են որդեգրված, որտեղ ասվում է, որ մշակութային էջերը պետք է առանձին լինեն: Մենք  մեր մշակութային էջերը՝ չորս կամ ութ էջ,  որպես ներդիր էինք դնում, որովհետև այդպես ավելի էր տարածվում:

Հիմա, եթե նպատակը մշակութային թերթերին կամ լրատվամիջոցներին օգնելն էր, քաջալերելը, որ ավելի շատ տարածվեն, սա սխալ չափանիշ է, որովհետև, եթե մարդը հետաքրքրված է քաղաքական, հասարակական  մեկնաբանություններով, որ մենք ենք անում, այնտեղ կբացի նաև մշակույթի էջերը և, եթե իրեն հետաքրքրող բան լինի՝ կկարդա, և՝ հակառակը: Բացի այդ, հիմա նաև համացանցը կա, և մշակութային նյութերն առանձին դրվում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հակոբ Ավետիքյանը:

Թերթի խմբագրի գնահատմամբ՝ տրամադրվող գումարն անգամ թղթի ծախսը չէր փակում, բայց ամեն դեպքում որոշ աջակցություն էր:

«Երբ դադարեցրին ֆինանսավորումը, ես չհետաքրքրվեցի, բայց ամեն տարի սեպտեմբերին իրենք ուղարկում են մրցույթի համար հրավեր, իսկ այս տարի դա էլ չուղարկեցին: Վերջում իմ ընկերները տեղեկացրին, որ հիմա գումարը բարձրացվել է, 2 միլիոն 800.000-ից մինչև 4 միլիոն 800.000 են տրամադրում: Սա իսկապես անհամեմատ մեծ գումար է, շատ կնպաստեր, որ թերթը զարգանար: Սկզբում մտահոգվեցինք՝ մտածելով, թե կարո՞ղ է՝ քաղաքական ենթատեքստ կա, բայց տեսանք մոլի ընդդիմադիր դիրքեր ունեցող լրատվամիջոցների, որոնք ստանում են, և այստեղից վիրավորանք առաջացավ մեզ մոտ»,- փոխանցեց Հակոբ Ավետիքյանը:

168.am-ի դիտարկմանը, թե՝ խնդիրն այն է, որ նախապես մրցույթի կանոնների մասին տեղեկացված չե՞ն եղել, «Ազգ» թերթի խմբագիրը պատասխանեց. «Այո, հետո մեզ բացատրություն տվեցին: Եթե հրավեր ստանայինք, երևի այդ կանոնները կլինեին: Այդպիսի չափանիշեր չպետք է դնեին, պետք է նայեին՝ թերթը, որ պետական աջակցություն է ստանում, արդյո՞ք կատարում է իր գործը, օգտակար աշխատա՞նք է կատարում, որքա՞ն մարդ է ներգրավված, և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս