«Սադրում եք ինձ, իհարկե, սադրանքի չեմ տրվի». Մակունց

Այսօր խորհրդարանում լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե վերջին մեկ տարվա ընթացում իր կյանքում ֆինանսապես որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իր կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան չի փոխվել՝ նախկինում ստանում էր 460 հազար դրամ, որը ստանում է նաև այսօր:

Ըստ Մակունցի՝ ֆինանսական առումով ծախսերը շատացել են: «Չեմ կարծում, որ պետք է տրտնջանք: Մենք այստեղ ենք հենց դրա համար, որպեսզի կարողանանք հնարավորինս մեր հմտությունները, գիտելիքները և այն մանդատը, որ տրվել է մեզ, ծառայեցնենք հանրօգուտ: Սա է մեր առաքելությունը, որևէ մեկս չենք տրտնջում, այդ թվում, վստահ եմ, Էդմոն Մարուքյանը ևս: Ավելացել են ներկայացուցչական ծախսերը»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Հարցին էլ, թե չե՞ք նեղվում, որ նախարարը 1,5 մլն աշխատավարձ է ստանում, իսկ Դուք՝ որպես խմբակցության ղեկավար, ստանում եք 460 հազար դրամ, Մակունցը պատասխանեց. «Սադրում եք ինձ, իհարկե, սադրանքի չեմ տրվի: Մենք խնդիր ենք դնում խորհրդարանականների դերի բարձրացման, և եթե միջազգային պրակտիկան ուսումնասիրենք, խմբակցության ղեկավարները քաղաքական առումով այլ ներգրավվածություն ունեն, և մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ մի նախագիծ բերել, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարների, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների դերը: Սա չի նշանակում, որ դրանով փորձ ենք կատարում աշխատավարձերը բարձրացնել, ոչ: Բայց խորհրդարանականների դերի բարձրացումը կարևոր է»:

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» դաշինքն ընտրություններին հանդես էր գալիս «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով, այսօր ավելի երջանիկ ու հզո՞ր են դարձել, նա նկատեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ քայլեր, որոնք իրենց մոտեցրել են այդ ձևակերպումներին:

«Հատկապես միջազգային հարթակներում և Արցախի հիմնահարցի հետ կապված մեր դիրքերն ուժեղ են ավելի, քան երբևէ: Եվ այն հեղինակությունը, որն ունի ՀՀ-ն միջազգային կառույցներում, միջազգային հարթակներում մեր գործընկերների շրջանակում, հենց դրա մասին են վկայում: Օրինակ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որ 55-ից դարձավ 68 հազար դրամ, քրեական հեղինակությունների օրենքը, որն էլի ուղղված է երջանիկ անհատի կերտմանը կամ հոգատար հանրությանը: Մի շարք նախագծեր կան, դրանք, իհարկե, բավարար չեն, առաջիկայում ավելի շատ կաշխատենք ու հաջորդ տարի մեծ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի քաղաքացին զգա, որ ինքն ապրում է արդարության մթնոլորտում».- եզրափակեց Լիլիթ Մակունցը:

Տեսանյութեր

Լրահոս