«Նոր իշխանություններն էլ են փորձում թելադրող լինել դատարանին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր հրավիրված ասուլիսին փորձեցին ի մի բերել՝ ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ տարի անց խորհրդարանական ի՞նչ պատկեր, կամ բովանդակային առումով ինչպիսի՞ օրենսդիր մարմին ունենք:

Հրանուշ Խառատյանն այն կարծիքին է, որ ներկա ԱԺ-ն իր դիմագիծը դեռ չի գտել, և, որ մի մասի համար անակնկալ էր պատգամավոր դառնալը:

«ԱԺ «Իմ քայլը» խումբը դեռևս փնտրում է իր դիմագիծը: Տպավորությունս այն է, որ մեկ տարին գուցե բավարար ժամանակ էր, բայց շատ չօգնեց պատգամավորների մի զգալի մասին՝ հասկանալու, թե իրենք որտեղ են, որն է իրենց առաքելությունը, և ում հետ պետք է այդ առաքելությունն իրականացնեն: Ավելի ճիշտ՝ առաքելությունը գուցե քիչ թե շատ ուրվագծված է, սակայն անհատականացված չէ՝  իր դերը որն է այդտեղ, ուստի կարծում եմ՝ դժվար կլինի այսօր մի ընդհանրական բնութագիր տալ»,- նշեց ազգագրագետը՝ միաժամանակ ճիշտ չհամարելով ներկա երիտասարդ, անփորձ և նախկին հարուստ ու մասնավոր շահերով առաջնորդված պատգամավորների միջև համեմատականներ անցկացնելը: «Այո, կան նաև թերհասներ, բայց, ընդհանուր առմամբ, ոչ մի համեմատություն»,- ընդգծեց Խառատյանը:

Այս համատեքստում ազգագրագետը լրացրեց՝ ԱԺ-ի գործունեությանը մասնակիորեն խոչընդոտ է դեռևս օրթոդոքս, ոչ ինքնուրույն, բայցև ինքնավարությունը պահել փորձող դատաիրավական համակարգը:

«Տպավորությունս այնպիսին է, որ, այո, նոր իշխանություններն էլ են փորձում թելադրող լինել դատարանին»,- շեշտեց Խառատյանը:

Միաժամանակ, ազգագրագետը պնդեց, որ ՍԴ-ն պատանդ է շարունակում մնալ ՀՀԿ-ական մի խումբ մարդկանց ձեռքում:

«ՍԴ-ի այս վերափոխման կամքի բացակայությունը, իմ խորին համոզմամբ, ՀՀԿ-ի ճնշումների հետևանք է նաև»,- վստահեցրեց նա:

Սրան արձագանքեց հանդիպմանը մասնակցող հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ ասելով, որ, եթե ՍԴ-ն գտնվում է ինչ-որ մեկի ճնշման տակ, ապա հակաօրինական բաներ կարող է անել, ինչը կարելի է ապացուցել օրենքով կամ հերքել:

Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հակաօրինական է, երբ ՍԴ-ի որոշումը չի ընդունում առաջին ատյանի դատարանը, ինչը հանգեցնում է իրավական ամբողջ կառուցվածքի խախտման:

«Այս ամեն ինչում դիրեկտիվ միջամտություն է երևում, և այս պարագայում զավեշտ է իրավական համակարգի արդարությունից խոսելը: Այսօր տեղի է ունենում դատական համակարգի բռնազավթում: Իսկ ՍԴ դատավորներին ցմահ թոշակ նշանակելը, չեմ կարծում, որ համաձայնեցված է ժողովրդի հետ, կամ, որ ժողովուրդը պատրաստ է դրան, քանի որ այն վճարվելու է իր հարկերից: Փոխանակ աղետի գոտում բնակարաններ գնվեն, պիտի ՍԴ դատավորներին ցմահ թոշակ տանք միայն մի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանին հաճո ՍԴ ձևավորեն, որի դատավորները կկատարեն նրա կամքը»,- ասաց Մադաթյանը:

Հրանուշ Խառատյանը համաձայն է՝ իրավական համակարգում անարդարություն է, հին համակարգը, ավանդույթը չի քանդվել:

168.am-ի հակադարձմանը՝ ի՞նչն է խանգարում նոր իշխանություններին քանդել, բացասական իմաստով, այդ հին համակարգը, ավանդույթը, գուցե չկա քաղաքական կա՞մք, ազգագրագետը պատասխանեց՝ քաղաքական կարողություն չկա:

Այստեղ մենք հիշեցրինք ազգագրագետին՝ քաղաքական կարողությունը ծնվում է քաղաքական կամքից, կամ քաղաքական կարողություն ստեղծվում է, եթե առկա է քաղաքական կամք:

Տեսանյութեր

Լրահոս