Ինչի՞ հաշվին է քաղաքապետարանն աշխատավարձեր բարձրացնում. դրական փոփոխություն՝ միայն Երևանի մարզամշակութային կենտրոնների համար

Երևանի քաղաքապետարանը 2020թ.-ի հունվարից  նախատեսում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների՝ շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը:

Երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը նախատեսվում է ավելացնել՝ մինչև 25 %, մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56 %:

Ավագանու որոշում դեռ չկա, սակայն հարցն արդեն լայն արձագանք է ստացել: Ծովինար Հովհաննիսյանը, որ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդում է արդեն 12 տարի, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընդունման օրից աշխատավարձի բարձրացման մասին խոսակցություն չի լսել: Լուրը, իհարկե, ուրախացրել է ուսուցիչներին:

«Շատ ուրախալի է, որ նման առիթ ստեղծվեց: Այդ 25 տոկոսը գուցե հոգս թեթևացնի:

Երբ բարձրացան հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը, մենք, փաստորեն, ուսուցիչ չէինք համարվում, չնայած ես պրոֆեսոր եմ, վաստակավոր մանկավարժ, դա նշանակություն չուներ: Չնայած դրան, միշտ էլ պարապել ենք՝ առանց մտածելու աշխատավարձի մասին»,- ասաց Ծովինար Հովհաննիսյանը:

168.am-ի հարցին, թե որքա՞ն է կազմում մարզամշակութային կենտրոնների աշխատակիցների միջին աշխատավարձը, Ծովինար Հովհաննիսյանը պատասխանեց, որ մեկ դրույքով աշխատող մանկավարժը ստանում է նվազագույն աշխատավարձ (այժմ՝ 55.000 դրամ, հունավրի 1-ից՝ 68.000 դրամ), իրենը, կոչումներով պայմանավորված, մի փոքր ավելի բարձր է:

«Կոնկրետ դպրոցում ցածր է աշխատավարձը, կարծում եմ՝ այս բարձրացումները  շարունակական կլինեն, եթե պետբյուջեն  աստիճանաբար լցվի: Ճիշտ է, թանկացումներ էլ կան, սոցիալական զամբյուղի առումով էլի շատ բան չես գնի, բայց մի քիչ թեթևացնում է հոգսը:  Սա ավելի շատ հոգեբանական առումով էր պետք մեզ: Մեր սերունդը «խենթ» է երևի, որ այս պայմաններով աշխատում է, բայց մենք ուզում ենք լավ ու գրագետ սերունդ կրթել»,- ասաց Ծովինար Հովհաննիսյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը 168.am-ի հարցին, թե ինչի՞ հաշվին է հնարավոր եղել այս բարձրացումը, պատասխանեց, որ դա հնարավոր է եղել նախորդ տարվա բյուջեի թերակատարումներից կուտակված միջոցների և սեփական եկամուտների որոշակի աճի շնորհիվ:

«Այս տարի ընթացիկ ծախսերի ապահովումը և աշխատավարձերի աճը հնարավոր եղավ իրականացնել  բացառապես նախորդ տարվա ծախսերի թերակատարման և տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին, եթե ծախսերը պատշաճ կերպով  կատարեին նախորդ տարի, չէին կարողանա այդ բարձրացումն իրականացնել:
Եթե նայենք, թե  2021թ.-ի բյուջեով ինչպե՞ս դա պետք է իրականացվի, ապա կտեսնենք, որ, եթե 2020թ.-ի բյուջեն  ամբողջությամբ կատարվի, աշխատավարձերը պահպանելու համար շատ այլ ընթացիկ ծախսեր պետք է

կրճատվեն, որովհետև սեփական եկամուտներն այնքան չեն ավելացել, որքան նախատեսում է աշխատավարձերի աճը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Այս փոփոխությունը նախատեսված է Երևանի քաղաքապետարանի 2020թ. բյուջեով, որը շրջանառության մեջ դրվեց մոտ երկու ամիս առաջ, հետևաբար՝ Դավիթ Խաժակյանը ժխտում է տարածված այն տեսակետը, թե սա արվում է քաղաքապետարանի շուրջ ստեղծված բացասական ֆոնը մեղմելու համար:

Երևանի մարզամշակութային կենտրոնների՝ շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման մասին լուրին առաջին արձագանքը եղավ հետևյալը՝ «բա մարզե՞րը»: Հասկանալի է, խնդիրը Երևանի քաղաքապետարանի տիրույթում չէ, բայց լուծում, այնուամենայնիվ, պահանջվում է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է՝ մայրաքաղաքում մարզամշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը խնդրի լուծում է, բայց մասնակի: Խնդիրն առավել խորն արտահայտված է մարզերում:

«Կարևոր է, որ մարզերը նույնպես ներգրավվեն: Այդ կառույցները համայնքային ենթակայության տակ են, իսկ համայնքներն այդքան բյուջե չունեն, որ բարձր աշխատավարձ տան: Երևան քաղաքն ամենաշատ բյուջեն ունի, գույքահարկի և մնացած հարկերի քանակը շատ է, որի արդյունքում կարողանում են ավելացնել աշխատավարձերը»:

Պատգամավորը պնդում է, որ մի շարք համայնքերում մարզամշակութային կենտրոնների աշխատակիցները մեկ դրույք աշխատանքի դիմաց ստանում են 18.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ նվազագույն աշխատավարձը սահմանված է օրենքով: Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ ստեղծված իրավիճակում մարզերի մասնագետները կձգտեն գալ Երևան աշխատելու, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց.

«Մտավախություն չկա, չեն գա, այնպես չէ, որ Երևան քաղաքը մասնագետների պակաս ունի: Խնդիրն այլ է, պետք է  լուրջ վերահսկողություն լինի, այդ կենտրոնները համայնքային վերահսկողության տակ են, վերահսկիչ մարմինը հստակեցված չէ,  ԿԳՄՍՆ-ն չի վերահսկում, իրենց ենթակայության տակ չեն: Այդ կենտրոններում էլ աշխատում են համայնքապետարանի ներդրած մարդիկ, իրենք իրենց ի՞նչ վերահսկեն, «անտեր ու դուս» վիճակում են հայտնվել»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Աշխատավարձերի չափերի և դրանց բարձրացման տոկոսների մեծ տարբերության մասին մենք հարցում ենք ուղարկել քաղաքապետարան: Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:

Տեսանյութեր

Լրահոս